Փաշինյանի և ՔՊ-ի փոխարեն ոչ ոք Ազգային ժողովը պատասխանատու քննարկումների չի ուղղորդելու

Չորրորդ օրն է, նորընտիր Ազգային ժողովը աշխատում է։ Այդ ընթացքում տասնյակ պատգամավորներ են բարձրացել, ինչպես ասում են՝ «երկրի թիվ մեկ ամբիոն»։ Առայժմ կարելի է առանձնացել քաղաքական երկու հայտարարություն: ԱԺ նախագահի թեկնածուի կարգավիճակով Ռուբեն Ռուբինյանը ասել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իր երկամյա որդին և Հայաստանի բոլոր երեխաները պատերազմ չտեսնեն, իսկ պատգամավոր Եղոյանը՝ սահմանել, որ այսօր և առաջիկայում քննարկելու մի գերխնդիր կա՝ Հայաստանը որքանո՞վ կարող է Ռուսաստանից անկախ արտաքին քաղաքականություն վարել։ Մի իրավիճակում, երբ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ փաստացի տնտեսական պատժամիջոցներ է սահմանում, պատերազմը Ուկրաինայում շարունակվում է, մշուշոտ է իրանա-ամերիկյան «գործարքի» ապագան, Կենտրոնական Ասիայի երկրները և Ադրբեջանը «աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր տարածաշրջան են ստեղծում», որ, անկասկած, նրանց և Վրաստանի առջև ուժային բոլոր կենտրոնների համար գրավչության և առարկայական գործընկերության լուրջ հեռանկար է բացում, երբ Հայաստանի վարչապետը մտադիր է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ներկայացնել Հայաստանի «օրակարգի բոլոր խնդիրները», ԱԺ նախագահի թեկնածուին հարցնել Թուրքիայում ուսանելու տարիներին «թուրքերի հետ շփումներ ունեցե՞լ» է,- կամ զավեշտ է, կամ՝ կանխամտածված դիտավորություն։ Նպատակը, կարելի է ենթադրել, Ազգային ժողովի քաղաքական ապալեգիտիմացումն է։ Ընդդիմադիր պատգամավորները միմյանց հերթ չտալով՝ կրկնում են հետընտրական նարատիվները՝ Նիկոլ Փաշինյանը «ժողովրդի մեծամասնության քվեն չի ստացել», ԿԸՀ-ն «ԲՀԿ-ի մանդատները գողացել է» և «ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի» և այլն։ Ըստ երևույթին, այս եւ այլ «բանաձևերումները» շրջանառվել են, որպեսզի արդարացվի ընդդիմության հարցադրումների «կենցաղային», ապաքաղաքական, Հայաստանի ազգային-պետական օրակարգին չաղերսվող բնույթը։ Առաջին հայացքից կարելի է տպավորություն ունենալ, թե ընդդիմությանը «պրոֆեսիոնալիզմը չի հերիքում»։ Բայց դա, հավանաբար, «իրողության մակերևույթն» է։ Խորքում ի՞նչ է ծրագրվում, պետք է առաջին հերթին ԱԺ քաղաքական մեծամասնությանը հուզի։ Ի վերջո, «պատերազմ չտեսնելու» և Ռուսաստանից հնարավորինս անկախ արտաքին քաղաքականություն վարելու խնդիրների լուծման պատասխանատվությունը վարչապետ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուսերին է։ Նրանք այդ ծանրությունը հաջողությամբ կհաղթահարեն, եթե կարողանան Ազգային ժողովը ուղղորդել քաղաքական լուրջ և պատասխանատու քննարկումների։ Նրանց փոխարեն դա ոչ ոք չի անելու։ ․․․Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառումով պատմել է, որ 2020թ․ -ին Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրել է պատերազմը դադարեցնելու հնարավորությունը՝ ԼՂ շուրջ տարածքների վերադարձ, Ադրբեջանի կազմում «ինքնավար մարզի կամ մի փոքր ավելի բարձր կարգավիճակ» և երբ պատգամավորներին հարցրել է՝ «համաձայնե՞նք», դահլիճը միաձայն «Ո՜չ» է ասել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10058

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով