Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում էր նախորդ շաբաթվա վերջին լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն ինքը վերջին պահին չեղարկել է այդ ծրագիրը և հայտարարել բանակցությունների նոր փուլի մասին։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «Մենք պատրաստ էինք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր հարձակմանը, բայց նրանք զանգահարեցին ինձ և ասացին՝ «Խնդրում ենք՝ մի արեք դա, եկեք խոսենք»», – ասել է Թրամփն օգոստոսի 5-ին Լաս Վեգասում անցկացված հավաքի ընթացքում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ նախընտրում է խնդրին դիվանագիտական լուծում տալ, այլ ոչ թե նոր ռազմական գործողություններ իրականացնել։ Այդհուհանդերձ, նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ «Ես կնախընտրեի համաձայնության հասնել, քանի որ չեմ ցանկանում մարդկանց սպանել։ Բայց Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև կանխատեսել է, որ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն՝ պնդելով, որ համաձայնության ուղղությամբ առաջընթացը թեթևացում կբերի ամերիկացի սպառողներին։ Անցյալ շաբաթ մի շարք աղբյուրներ CBS News-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում էին Իրանի դեմ համատեղ հարվածների նոր փուլին։ Սակայն, CBS News-ի տեղեկություններով, օգոստոսի 1-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և հորդորել նրան հրաժարվել հարվածներ հասցնելու ծրագրից։ Մի քանի ժամ անց Թրամփը սոցիալական ցանցում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ համաձայնել է «չեղարկել հարձակումը»։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Իրանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից» խնդրանք է ստացել ժամանակ տալ, քանի որ հնարավոր խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանները «արդեն համաձայնեցված են»։



