ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որի նպատակն է արգելել «ծննդաբերության նպատակով տուրիզմի» պրակտիկան, որը ենթադրում է երկիր ժամանում՝ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխան ավտոմատ կերպով ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը: Նախագահն ստորագրել է ևս մեկ հրամանագիր, որը նույնպես վերաբերում է ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքին։ Ըստ փաստաթղթի՝ ավտոմատ կերպով քաղաքացիության իրավունք չեն ունենա «ԱՄՆ-ի օտարերկրյա թշնամիները, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամները», դիվանագետների երեխաները և այլ ճանաչված միջազգային կազմակերպությունների աշխատակիցների երեխաները։ The Hill պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ հրամանագրերն, «ըստ երևույթին, փորձ են՝ շրջանցելու Գերագույն դատարանի վերջերս կայացրած վճիռը», որով հունիսին հաստատվել է ըստ ծննդյան քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքի պաշտպանությունը և արգելափակվել է Թրամփի՝ քաղաքացիության ավտոմատ ստացումը սահմանափակող հրամանագիրը, որը հրապարակվել է նրա երկրորդ նախագահական ժամկետի առաջին օրը` 2025 թ. հունվարի 20-ին։ Այդ հրամանագրով դադարեցվում էր ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիության ավտոմատ տրամադրման պրակտիկան, եթե ծնողները երկրում են գտնվում անօրինականորեն կամ կարճաժամկետ վիզաներով։



