Ադրբեջանը կբացահայտվի՞ որպես Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական դաշինքի մասնակից

«Անադոլու» պետական գործակալությունը հայտնել է, որ մեկնարկել է Սաուդյան Արաբիա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկօրյա այցը։ Ըստ այլ աղբյուրների, մասնավորապես՝ Turkiye պարբերականի, Ջիդա քաղաքում կկայանա եռակող հանդիպում, որին կմասնակցեն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին-Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Կողմերը կքննարկեն «միասնական պաշտպանության հայեցակարգը»։ Փաստացի խոսքը Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական դաշինք կնքելու բարձր հավանականության մասին է։ Եռակողմ «պաշտպաանություն կազմակերպելու» նախաձեռնությունը Թուրքիայինն է։ Ավելի վաղ Անկարան և Էր Ռիադը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Պակիստանը դիտվում է որպես այդ դաշինքի «միջուկային հովանավոր»։ Ըստ մամուլում շրջանառված տեսակետի, Սաուդյան Արաբիան «պետք է լինի ֆինանսական հովանավոր, իսկ Թուրքիան՝ ռազմաարդյունաբերական առաջատար»։ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական դաշինքի ստորագրումը կարող է իրավիճակ փոխել նաև Հարավային Կովկասում։ Ադրբեջանը այդ հավանական դաշինքի երկու անդամի՝ Թուրքիայի և Պակիստանի, հետ ունի ռազմական համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր։ Անցյալ տարի Իսլամաբադ այցի ընթացքում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Կաշմիրի հարցում Ադրբեջանը ոչ միայն սատարում է Պակիստանի դիրքորոշմանը, այլև հարկ եղած դեպքում պատրաստ է «ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել»։ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական դաշինքի հռչակման հավանականությունը բարձր է։ Այն կայանում է Հնդկաստան-Իսրայել-Կիպրոս ռազմական համագործակցության մասին միջազգային մամուլի հրապարակումներին և այդ հեռանկարի դեմ Թուրքիայի վճռական բողոքներին զուգահեռ։ Իրանի դեմ հարձակման առաջին օրերին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ հրեական պետության շուրջ «շիադավան օղակը վերացնելուց հետո թույլ չի տա, որպեսզի փոխարենը սուննի աղեղ ձևավորվի»։ Փաստացի այդ «աղեղը» ձևավորվում է։ Ընդ որում, դրան միանում է միջուկային զինանոց ունեցող Պակիստանը, իսկ Հարավային Կովկասում դաշնակից կարող է լինել Ադրբեջանը։ Թուրքիան, ըստ երեւույթին, գործընթացները խթանում է, որպեսզի Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում Մերձավոր Արևելքում իր ազդեցությունը պահպանի և ամրապնդի։ Առայժմ պարզ չէ, թե տարածաշրջանում ուժային նոր կենտրոնի ձևավորմանը ինչպես է «նայում» Իրանը։ «Եռյակ միության» անդամ երկու պետությունները՝ Պակիստանը և Թուրքիան ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում միջնորդություն ունեն։ Ըստ տեղեկությունների, ԱՄՆ նախագահ Թրամփը Իրանի դեմ հարվածները «հետաձգել» է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հեռախոսազրույցից հետո, բայց ոչ Անկարայի և Իսլամաբադի միջնորդությունը, ոչ սաուդցիների «հովանավորությունը» չեն կարող Թեհրանի աշխարհաքաղաքական շահերը «տրորել» չեն կարող։ Ի՞նչ հակաքայլեր կձեռնարկի Իրանը, , պարզ կլինի, երևի, առաջիկա մի քանի ամիսներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10271

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով