Ալիևը իր երախտագիտությունն է հայտնել Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Այսօր լրանում է պատմական Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարեդարձը, որը Միացյալ Նահանգները հյուրընկալեց 2025 թվականի օգոստոսի 8-ին և որը հիմք դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման համար։ Մեկ տարի առաջ, ստանձնելով այս պատմական պատասխանատվությունը, Դուք շրջադարձային նշանակություն ունեցող քայլ կատարեցիք Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ձեր վճռականության և անսասան հաստատակամության շնորհիվ Դուք կարողացաք վերջ դնել երեք տասնամյակ շարունակված հակամարտությանը՝ հիմք դնելով մեր ժողովուրդների միջև հաշտեցման և փոխշահավետ գործընկերության նոր դարաշրջանի համար։ Սպիտակ տանը Ձեր ներկայությամբ ստորագրված Եռակողմ համատեղ հռչակագիրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը վճռորոշ դեր են խաղացել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ բացելով խաղաղության, կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության հեռանկարներով լի նոր էջ։ Միևնույն ժամանակ, Ձեր խաղաղաշինական ջանքերի կարևորագույն արդյունքներից մեկը՝ TRIPP նախագիծը, հսկայական ներուժ ունի բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման, տարածաշրջանային տրանսպորտային կապի ընդլայնման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման գործում։ Կրկին արտահայտում եմ իմ խորին երախտագիտությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման գործում Ձեր ուժեղ առաջնորդության համար։ Այսօր ադրբեջանական հասարակությունն ընդունում է տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունն ու խաղաղ միջավայրը։ Անցած տարվա ընթացքում կարևոր քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների առաջմղման ուղղությամբ։ Ադրբեջանից Հայաստան բեռների փոխադրման սահմանափակումները վերացվել են, մինչդեռ ադրբեջանական նավթամթերքները, ինչպես նաև երրորդ երկրներից ստացվող հացահատիկը և այլ ապրանքներ, այժմ Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրվում են Հայաստան արտահանելու նպատակով։ Մենք արդեն ականատես ենք լինում խաղաղության շոշափելի արդյունքներին տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ ամրապնդելու ձեռք բերված արդյունքները, խաղաղությունը վերածելու գործնական համագործակցության և փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ»,-գրել է Ալիևը։ «Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից մեկ անգամ ևս հայտնում եմ իմ անկեղծ երախտագիտությունը Ձեզ՝ այս պատմական ձեռքբերման, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատման և հետագա ամրապնդման գործում Ձեր անգնահատելի ներդրման համար»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10340

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով