Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, մամուլի մի շարք հրապարակումներում իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի «ղեկավար» անունը ստացած Տարոն Չախոյանը 2021 թվականից նշանակվել էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Այսօր նա արդեն ՔՊ-ական պատգամավոր է։ Թե ինչպե՞ս է 2025 թվականը փակել Չախոյանը և ի՞նչ ձեռքբերումներով է թևակոխել 2026 թվական ու հասել նոր պաշտոնի, տեղեկանում ենք հայտարարագրից։ Այսպես, Տարոն Չախոյանն իր հայտարարագրում նշել է համատեղ բնակվող մեկ անչափահասի՝ որդու և երկու չափահաս անձի՝ ԵՊՀ-ում դասախոսող քրոջ՝ Անի Չախոյանի և «Պռոշյան» կոնյակի գործարան ՍՊԸ-ի հաշվապահ Դիանա Կարապետյանի մասին։ Որպես անշարժ գույք՝ պաշտոնյան հայտարարագրել է մայրաքաղաքում 2009 թվականին գնած և միանձնյա սեփականություն հանդիսացող բնակարանի մասին, իսկ շարժական գույք՝ 2023 թվականին գնած 2017 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Տարոն Չախոյանը նաև տեղեկացրել է, որ ունի 10 միլիոն դրամ ավանդ և տարեվերջին կես միլիոն դրամով ավելացած բանկային հաշիվների մնացորդներ, որոնց ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 6 միլիոն 350 հազար դրամ։ Եվս 1,365,000 դրամ էլ կազմել է «հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բանկային հաշիվների մնացորդներ, կամ այն բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների), որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն»։ Նրա կանխիկ միջոցները տարվա ընթացքում տատանվել է 7 միլիոն դրամի շրջանակում, իսկ հաշվետու տարվա՝ 2025 թվականի 19,771,916 դրամ եկամուտն էլ գոյացել է Փաշինյանի աշխատակազմից ստացած աշխատավարձից և կամ՝ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Ի դեպ, 2022 թվականի հայտարարագրի համաձայն, օրինակ, բանկային ավանդներ բաժնում նա հայտարարագրել էր 4 միլիոն դրամ, իսկ տարեվերջին ավանդի ծավալը հասել է 6 միլիոն դրամի, բանկային հաշվում ունեցել է 4 միլիոն 800 հազար դրամ: Իսկ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բանկային հաշիվների մնացորդներ բաժնում էլ Չախոյանը ներկայացրել էր 3500 դոլար։ Որպես կանխիկ գումար՝ վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավարի նախկին տեղակալը տարեսկզբին ուներ 4 միլիոն 135 հազար դրամ, տարեվերջին՝ 6,9 միլիոն դրամ։ ՀՀ կառավարությունից էլ ստացել էր 15,234,794 դրամ։ Տարոն Չախոյանի կինը՝ Դիանա Կարապետյանը, 2025 թվականի հայտարարագրում նշել է համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի ձեռքբերման իրավունքի մասին, որի արժեքը նշվել է 24,024,000 դրամը․ կառուցապատողն Օրդ Դեվելոփմենթ ՍՊԸ-ն է։ Ի դեպ, ըստ բաց հրապարակումների, այս ընկերության սեփականատիրոջ՝ Լևոն Օրդուխանյանի որդին՝ Սամվել Օրդուխանյանը, 2025 թվականին ՔՊ նվիրատուներից է եղել։ Չախոյանի կինը նշել է 10 միլիոն դրամ բանկային ավանդի մասին, ինչպես նաև բանկային հաշիվների մնացորդներ, որոնց ընդհանուր ծավալը տարեվերջին կազմել է շուրջ կես միլիոն դրամ։ Դիանա Կարապետյանի տարեսկզբի կանխիկ՝ 7,8 միլիոն դրամը տարեվերջին կազմել է 27 հազար դրամ։ Նրա՝ հաշվետու տարվա՝ 4,880,276 դրամ եկամուտն էլ գոյացել է Հրանտ Չոբանյանից ստացած՝ 865,760 դրամ, «Պռոշյանի կոնյակի գործարան»-ից ստացած՝ 3,132,230 դրամ, «Ապեքս բուլդինգ քեյր»-ից ստացած՝ 356,995 դրամ, և «Մրգաշեն» գինու-կոնյակի գործարանից ստացած՝ 525,291 դրամ աշխատանքի վարձատրությունններից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Դիանա Կարապետյանի վարկի մայր գումարի մնացորդի չափի ընդհանուր ծավալը կազմել է 30,025,986 դրամ․ նա չի նշել վարկատուների անունները և վարկի նպատակը։ Ի դեպ, Դիանա Կարապետյանի հիմնական աշխատավայրը՝ «Պռոշանի կոնյակի գործարանը», ըստ բաց աղբյուրների հրապարակումների, մասնակցում է ՔՊ-ի ու «Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաքներին։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Պռոշյանի կոնյակի գործարանը «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է 3 միլիոն դրամ։



