ԱՄՆ-ը և Հնդկաստանը Թուրքիա-Պակիստան «հավասարակշռությանը հակակշիռ են ստեղծում»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը նախօրեին ստորագրված՝ թուրք-սաուդա-պակիստանյան «Մեքքային համաձայնագիրը» համեմատել է ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի հետ։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը, իրոք, ֆորմալ առումով այդ հոդվածը, որով դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ հարձակումը ճանաչվում է ագրեսիա անդամ բոլոր երկրների նկատմամբ, ուղղակի պատճենել են։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթը ստորագրման համար «եղբայրական երկրների համար բաց» է, իսկ Պակիստանի պաշտպանության նախարարը իսլամական բոլոր երկրներին կոչ է արել «Իսրայելի դեմ համախմբվել»։ Ավելի վաղ նկատել ենք, որ «Մեքքայի համաձայնագրի» գործնականում կիրառելիությունը գնահատելու համար հարկ է սպասել ՆԱՏՕ-ի և, մանավանդ, Միացյալ Նահանգների արձագանքին։ Բրյուսելից առայժմ մեկնաբանություն չի հետևել, թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ընդամենը մեկ ամիս առաջ հյուրընկալել է Դաշինքի գագաթաժողովը և կարևորագույն դերակատարություն ստանձնել հատկապես Սև ծովում անվտանգության ապահովման հարցում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա օգոստոսի 8-ին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Քննարկվել է պաշտպանության, առեւտրի, էներգետիկայի, հազվագյուտ մետաղների և առաջավոր տեխնոլոգիաների ոլորտներում «Միացյալ Նահանգների և Հնդկաստանի ռազմավարական գործընկերության հետագա խորացման հետ կապված հարցերի լայն շրջանակ»։ «Մեքքայի համաձայնագրի» կողմերից Պակիստանը Հնդկաստանի հետ փաստացի պատերազմի մեջ է։ Վերջին ռազմական բախումը, ինչպես բազմիցս հայտարարել է Դոնալդ Թրամփը, դադարել է ԱՄՆ նախագահի անձնական միջնորդությամբ, բայց կողմերի միջև տարածքային սուր հակամարտությունը մնում է չկարգավորված։ Այս առումով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը կարելի է համարել Վաշինգտոնի կողմից Նյու-Դելիին «անվտանգության երաշխիք»։ Վերջին տարիներին շոշափելի առաջընթաց է արձանագրվել Հնդկաստան-Հայաստան հարաբերություններում, իսկ Պակիստանը և Ադրբեջանը երկարամյա ռազմավարական գործընկերներ են։ Բաքվի իշխանական մամուլը պարբերաբար ակնարկում է, որ Հայաստանի հետ «գործընկերությունը Հնդկաստանի համար Հարավային Կովկասում ազդեցության հաստատման հնարավորություն» է։ Ինչ խոսք, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները ինստիտուցիոնալ առումով Պակիստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը համարժեք չեն, բայց հեռանկարի առումով կարող են «մոտենալ կամ հասնել այդ մակարդակին»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ «Մեքքայի համաձայնագիրը» որևէ երկրի դեմ չէ, այլ կոչված է «տարածաշրջանային հավասարակշռություն ստեղծել»։ Ակնարկը, ամենայն հավանականությամբ, Իսրայելի հասցեին է։ Ոչ մի երկիր կամ ռազմական դաշինք, անշուշտ, իրական նպատակադրվածությունը ոչ միայն չի բացահայտում, այլև աշխատում է այն գաղտնի պահել։ Այս իմաստով չպետք է բացառել, որ «Մեքքայի համաձայնագրի» կողմերը, բայց հատկապես՝ Թուրքիան փորձի տարածաշրջանային նոր «հավասարակշռություն ստեղծել և ներգրավել նաև Հարավային Կովկասը»։ ԱՄՆ-Հնդակաստան ռազմավարական գործընկերության խորացումը թուրք-պակիստանյան «հավասարակշռության հակակշի՞ռ» է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10491

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով