Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել հավաքական զսպման մեխանիզմները, պաշտպանական համագործակցությունն ու տարածաշրջանային կայունությունը։ Ինչպես հաղորդում է թուրքական «Hürriyet» պարբերականը, Էրդողանն այս մասին ասել է Լոնդոնում գործող «Asharq Al-Awsat» պարբերականին տված հարցազրույցում։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ համաձայնագրի գաղափարն առաջացել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետևանքով ձևավորված նոր պայմաններից և ընդհանուր պատասխանատվության գիտակցումից։ Էրդողանը նշել է, որ Անկարան կողմ է տարածաշրջանային խնդիրները հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ կարգավորելուն՝ ընդգծելով երկխոսության, փոխադարձ վստահության և քաղաքական կամքի կարևորությունը։ Նրա խոսքով՝ Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի համագործակցությամբ չի սահմանափակվում և բաց է նաև տարածաշրջանի այն երկրների համար, որոնք ձգտում են խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ համաձայնագիրը չպետք է դիտարկել միայն ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության համատեքստում։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը հաստատում է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանության իրավունքը և ուղղված չէ որևէ երկրի դեմ։ «Մեր տեսլականը երեք երկրով չսահմանափակվելն է, այլ հետագայում ընդլայնվելը և, հնարավորության դեպքում, մի օր տարածաշրջանի բոլոր երկրներին այս կառույցի ներքո համախմբելը»,- ասել է Էրդողանը։ Անդրադառնալով համաձայնագրի պաշտպանական բաղադրիչին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ կողմերից որևէ մեկի անվտանգության դեմ սպառնալիքը մյուս մասնակիցները ևս դիտարկելու են որպես ընդհանուր անվտանգության խնդիր։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը հիմնված է հավաքական զսպման սկզբունքի վրա և նախատեսում է անվտանգության ու պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացում, պաշտպանական արդյունաբերության համատեղ նախագծերի իրականացում և ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության ամրապնդում։ Էրդողանը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սեփական անվտանգության և կայունության ապահովման հարցում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նպատակը ոչ թե բացառող դաշինքների ձևավորումն է, այլ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա հիմնված տարածաշրջանային համագործակցության համակարգի ստեղծումը։ Հարցազրույցում Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին՝ նշելով, որ Մեքքայի համաձայնագիրը կարող է նպաստել Պարսից ծոցի անվտանգության ամրապնդմանը։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանի անվտանգությունը կարևոր է ոչ միայն այնտեղ գտնվող պետությունների, այլև համաշխարհային տնտեսության, էներգակիրների մատակարարման և միջազգային առևտրի համար։ «Հորմուզի նեղուցն ապացուցեց, որ համաշխարհային տնտեսության, կարելի է ասել, զարկերակներից մեկն է»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան ակնկալում է լարվածության հնարավորինս արագ նվազում և նեղուցով անվտանգ, կայուն ու անխափան միջազգային առևտրի վերականգնում։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են կողմերի զսպվածությունը և դիվանագիտական ուղիների բաց պահպանումը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան խնդիրների լուծումը տեսնում է բանակցությունների միջոցով՝ ընդգծելով, որ Հորմուզում, Ուկրաինայում և Պաղեստինում երկարաժամկետ լուծման ճանապարհն անցնում է դիվանագիտության, ոչ թե հակամարտության միջոցով։ Խոսելով Լիբանանի մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել այդ երկրի ինքնիշխանությունը, քաղաքական միասնությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա կոչ է արել դադարեցնել Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումները և դրական է գնահատել հրադադարի հաստատման ուղղությամբ ընթացող բանակցությունները։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է Լիբանանին տեխնիկական աջակցություն տրամադրելու և համագործակցություն զարգացնելու Անկարայի պատրաստակամության մասին։ Սիրիայում տեղի ունեցող փոփոխություններն Էրդողանը որակել է «պատմական շրջադարձային փուլ»՝ հայտարարելով, որ Թուրքիան շարունակում է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, քաղաքական միասնությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կամ երկրի որևէ այլ հատվածում այնպիսի կառույցների ձևավորում, որոնք Անկարան սպառնալիք կհամարի իր ազգային անվտանգության համար։ Էրդողանի խոսքով՝ Սիրիայի կայունացումը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար, և Թուրքիան շարունակելու է աջակցել երկրի կայունացմանն ու վերականգնմանը՝ համագործակցելով տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10605

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով