Ռումինիան փակել է իր միակ Չեռնավոդայի ատոմակայանը՝ Դանուբ գետում ջրի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ինչը պայմանավորված է Եվրոպայի մեծ մասում շոգ եղանակային պայմաններով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ատոմակայանը, որի երկու ռեակտորներն արտադրում են Ռումինիայի էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը, չի ակնկալվում վերագործարկել մոտ օրերին։ «Մենք չենք կանխատեսում վերագործարկում առաջիկա 10 օրվա ընթացքում», – ասել է ատոմակայանի տնօրեն Ռոմեո Ուրյանը։ Օրերս իշխանությունները փորձել են մեծացնել դեպի ատոմակայան Դանուբ գետի ջրի հոսքը, որն անհրաժեշտ է սառեցման համար։ Չեռնավոդայի երկու 706 մեգավատտ հզորությամբ ռեակտորներից երկրորդն անջատվել է Ռումինիայի էլեկտրացանցից օգոստոսի 13-ին, իսկ առաջին ռեակտորն արդեն փակվել էր հուլիսին։ Մինչ օրս Չեռնավոդան փակվել էր միայն մեկ անգամ՝ 2003 թվականին։ Ռումինիան նաև ունի հիդրոէլեկտրակայանների հսկայական հզորություն, չնայած այն նույնպես զգալիորեն կրճատվել է գետերի ցածր մակարդակի պատճառով։ Հարևան Հունգարիան մինչ այժմ խուսափել է Պակշում գտնվող իր միակ ատոմակայանը փակելուց, որը նույնպես օգտագործում է Դանուբի ջուրը։ Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի ջրի մակարդակը մի քանի երկրում իջել է վերջին 30 տարվա ամենացածր մակարդակին։ Եվրոպական «Կոպեռնիկոս» կլիմայական ծառայության տեղեկացմամբ՝ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ։ Սա առաջացնում է ամառային ջերմային ալիքների աճ, Եվրոպայի ջրային համակարգերի վրա ավելի մեծ ճնշում և ավելի ինտենսիվ անտառային հրդեհներ։



