Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն

​Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։ Այդ մասին ասվում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանության հաղորդագրության մեջ: «​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ` Անձնական տվյալների արտահոսք․ երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։ Ծաղր և բուլինգ․ լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։ Հոգեբանական ծանր հետևանքներ․ երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։ ​Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք․ 1. ​Խոսե՛ք երեխայի հետ․ բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։ 2. ​Վերահսկե՛ք անվտանգությունը․ ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։ 3. ​Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։ 4. ​Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։ Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։ ​ Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11586

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով