Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Դյուզջե նահանգում անօդաչու թռչող սարքի ենթադրյալ բեկորներ են հայտնաբերվել այգում։ Իրականացված նախնական գնահատման արդյունքում ենթադրվում է, որ հայտնաբերված օբյեկտը կարող է լինել անօդաչու թռչող սարք։ Դեպքի վայրում աշխատում են փորձագիտական խմբեր, որոնք պետք է պարզեն օբյեկտի բնույթն ու տեխնիկական բնութագրերը։ Դեպքի առնչությամբ Դյուզջե նահանգի դատախազությունը սկսել է հետաքննություն։ Իշխանությունները միաժամանակ նշել են, որ քաղաքացիների համար անհանգստանալու պատճառ չկա։ Դյուզջեում ԱԹՍ-ների բեկորներ նախկինում ևս հայտնաբերվել են։ Ըստ տեղական իշխանությունների՝ որոշ դեպքերում հայտնաբերված բեկորները պարունակել են նաև պայթուցիկ նյութեր։ Դեպքի մանրամասները և հայտնաբերված օբյեկտի ծագումը դեռևս պարզվում են։



