Իլհամ Ալիևը այլևս «շահ Իսմայիլ» չէ՞

2014 թ․ մայիսի 17-ին Բաքվի իշխանական haqqin.az-ը մի հրապարակում է արել, որի հեղինակ Լև Մաասը «բացահայտել» է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պարսկաստանի Սեֆյան արքայատոհմի հիմնադիր շահ Իսմայիլի «դիմագծերը նույնական» են։ Անշուշտ, այդ հոդվածը գրվել է «պետական պատվերի շրջանակներում»։ Այդ շրջանում պաշտոնական Բաքուն Իրանի նկատմամբ թշնամար էր տրամադրված և քարոզում էր, որ «հարյուրամյակներ ի վեր Պարսկաստանում իշխել են թյուրք մեծատոհմիկ ազնվականները, իսկ պարսիկները հանդիսացել են նրանց ենթակաները»։ Վերջին մի քանի օրերին ադրբեջանական մամուլում և սոցիալական հարթակներում սուր բանավեճ է ծավալվել՝ կապված շահ Իսմայիլի պատմական դերի գնահատման հետ։ Առիթը տվել է Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։ Նա շահ Իսմայիլին մեղադրել է «կրոնամոլեռանդ ֆաշիզմ արմատավորելու» և «Օսմանյան Թուրքիայի թշնամին լինելու» մեջ և իշխանություններին հորդորել, որպեսզի «Շահ Իսմայիլի անվան» շքանանշանը «սահմանված կարգով չեղյալ ճանաչվի»։ Ֆազիլ Մուստաֆան Միլլի մեջլիսի մի քանի գումարումների պատգամավոր է, հանգամանք, որ թույլ է տալիս վստահաբար ասել՝ շահ Իսմայիլի պատմական դերի «վերագնահատման» նախաձեռնությունը իրականում Ադրբեջանի իշխանությանն է, Իլհամ Ալիևինը։ Պարզ չէ, սակայն, թե այդ «հակաիսմայիլական» քարոզչության քաղաքական նպատակը ո՞րն է։ Ըստ երևույթին, այն հասցեագրված է Իրանին՝ տպավորություն ստեղծելու, որ «միասնական և ամբողջական Ադրբեջանի նարատիվը այլևս առաջնահերթություն» չէ։ Բայց արդյոք Իլհամ Ալիևը հաստատակամորեն վճռել է, որ ինքը «շահ Իսմայիլ» չէ։ Պատմաբան Ջամիլ Հասանլին իշխանական քարոզչությանը հակադարձել է չափազանց ենթատեքստային ձեւակերպմամբ․ «Ինչո՞ւ Իվան Գրոզնին պաշտելի է որպես ռուսական հողերը միավորող, իսկ միասնական ադրբեջանական պետություն ստեղծած շահ Իսմայիլը անվանվում է «ֆաշիստ»»։ Հասանլին ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի խորհրդի» անդամ է և, կարծես, փորձում է հասկանալ՝ Իլհամ Ալիևը «հողահավաք քաղաքականությունից հրաժարվե՞լ» է, թե՞ պարզապես ձգտում է տարածաշրջանի երկրներին և միջազգային դերակատարներին ներկայանալ որպես «աշխարհիկ և խաղաղասեր երկրի առաջնորդ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11045

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով