Հայկական երկաթուղու շուրջ վեճը մտնում է վճռական փուլ։ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 13-ի հայտարարության նորությունն այն է, որ Երևանն այլևս խոսում է ոչ միայն ամբողջ կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու մասին, այլ նաև մասնակի վաճառքի և բաժնետիրական նոր կառուցվածքի հնարավորության մասին՝ պայմանով, որ Ռուսաստանը չկարողանա խոչընդոտել Հայաստանի ինտեգրմանը նոր տարածաշրջանային տրանսպորտային ցանցին։ Մոսկվան հակադարձում է՝ եթե Հայաստանը փոխի կամ դադարեցնի պայմանագիրը, Ռուսաստանը պահանջելու է վերադարձնել իր ներդրումները, որոնք ռուսական կողմը գնահատում է ավելի քան 30 մլրդ ռուբլի։ Մինչդեռ ժամանակն արդեն տնտեսական արժեք ունի․ Ադրբեջանը արագ կառուցում է իր հատվածները, իսկ Հայաստանը դեռ պարզում է՝ ով է տնօրինելու իր իսկ երկաթուղին։ Ուստի հարցը պետք է հասցնել մինչև վերջ․ որքան արժե Ռուսաստանից երկաթուղային անկախությունը, ով իրականում ում է պարտք, և Հայաստանը պե՞տք է համաձայնության գնի դիմաց վերադարձնի ռազմավարական ենթակառուցվածքը, թե պատրաստվի Փարիզի արբիտրաժում ապացուցելու ռուսական կողմի պայմանագրային խախտումները։ Թեման քննարկել ենք Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, միջազգային տնտեսական իրավաբան Արա Պապյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



