Նոր Ազգային ժողովի առաջին շաբաթներն արդեն ցույց են տալիս, որ այստեղ պայքարը միայն իշխանության և ընդդիմության միջև չէ։ Խորհրդարանում միաժամանակ փորձ է արվում վերանայել քաղաքական լեզուն, «լավ տղայի» ու ուժի ցուցադրության մշակույթը, ազգային ինքնության մասին տարիներով կարծրացած պատկերացումները և նույնիսկ պետություն–եկեղեցի հարաբերությունների սահմանները։ Ռուբեն Ռուբինյանը խոսում է քաղաքական ռադիկալացման շղթան կոտրելու անհրաժեշտության մասին, իսկ իշխանության մի շարք ներկայացուցիչների ելույթներում հաճախ կա արդեն ոչ թե ընթացիկ քաղաքականության պաշտպանություն, այլ պատմության, ինքնության և պետության մասին յուրատեսակ «լիկբեզ»։ Միաժամանակ Գարեգին 2րդի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործն արդեն դատարանում է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դատավարությունը դարձրել է քաղաքական պայքարի կարևոր ճակատներից մեկը։ Հետևաբար, հիմնական հարցն այլևս սա չէ՝ կարո՞ղ է նոր ԱԺ-ն ավելի քաղաքակիրթ աշխատել։ Հարցն այն է՝ Հայաստանում սկսվե՞լ է քաղաքական և հանրային նոր ինքնության ձևավորում, թե հին բևեռացումը պարզապես ստացել է նոր բառապաշար, նոր հերոսներ և նոր թշնամիներ։ Թեման քննարկել ենք գրող Հայկ Հովյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



