ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է համաձայնության գալ Իրանի հետ, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային զենք մշակելու իր կարողությունից, սակայն մինչ այժմ իրանցիները հետաքրքրություն չեն ցուցաբերել Վաշինգտոնի համար ընդունելի պայմանների նկատմամբ։ Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, որը Մերձավոր Արևելք այցի ընթացքում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Եթե Իրանը պատրաստ է ավարտին հասցնել մեզ հետ քննարկված գործարքը և հրաժարվել միջուկային զենք մշակելու իր կարողությունից, ապա ակնհայտ է, որ նա (խմբ.՝ ԱՄՆ նախագահը) պատրաստ է համաձայնության գալ, որը կարող է հիանալի լինել Իրանի ժողովրդի համար։ Սակայն այս պահին նրանք որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերում մեր կողմից խելամիտ համարվող որևէ բան անելու հարցում», – ասել է Քուշները։ Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը շատ կենտրոնացած է տնտեսական ճնշման վրա։ «Նա իսկապես լուրջ է վերաբերվում շրջափակմանը։ Եթե նայեք Իրանի տնտեսությանը, այն շատ ավելի վատ վիճակում է», – նշել է նա։ Քուշների խոսքով՝ Թրամփը չի ցանկանում շտապել գործարքի հարցում։ «Նա կկնքի ճիշտ գործարքը, երբ այն պատրաստ լինի։ Բայց մենք շատ դրական և ակտիվ զրույցներ ենք ունենում, և տեսնենք, թե ինչ տեղի կունենա», – ասել է նա։



