Վիետնամի արտաքին գործերի նախարար Լե Հոայ Չունգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից. «Անցած տարիների ընթացքում Վիետնամի և Հայաստանի միջև բազմապլան համագործակցությունն անշեղորեն ամրապնդվել և զարգացել է, ընդ որում երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը չափազանց կարևոր դեր է խաղացել: Խորապես համոզված եմ, որ երկու կողմերի ջանքերի և վճռականության շնորհիվ Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության և համագործակցության բարի հարաբերությունները, ինչպես նաև մեր նախարարությունների միջև փոխգործակցությունը դառնում են ավելի սերտ ու արգասաբեր՝ համապատասխանելով երկու երկրների ժողովուրդների շահերին և ավանդ ներդնելով տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում»,- ասված է Վիետնամի ԱԳ նախարարի ուղերձում:



