Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի Աբու Դուհուր ավիաբազայի ուղղությամբ հարվածները և կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Իսրայելի գործողություններին։ «Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Սիրիայի Իդլիբ նահանգի գյուղական Աբու Դուհուր ռազմական ավիաբազային հասցված Իսրայելի ավիահարվածները։ Իսրայելը շարունակում է իր անխոհեմ հարձակումները՝ թիրախավորելով Սիրիայի ենթակառուցվածքները և խախտելով նրա տարածքային ամբողջականությունն ու միասնությունը», – ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը ավելի վճռական դիրքորոշում ընդունել՝ վերջ դնելու Իսրայելի կողմից Սիրիայի դեմ աճող ագրեսիային և ապահովելու այդ գործողությունների համար պատասխանատվությունը, որոնք անտեսում են միջազգային իրավունքը։



