Պետքարտուղարությունը Թրամփի պատկերով անձնագրեր է պատրաստում ԱՄՆ-ի 250-ամյակի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ պատրաստվում է երկրի 250-ամյակի կապակցությամբ սահմանափակ քանակությամբ հատուկ անձնագրեր թողարկել. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը։ Դոնալդ Թրամփը կդառնա առաջին ամերիկացի ղեկավարը, որի դեմքը կենդանության օրոք կհայտնվի այդ փաստաթղթում։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։ Հատուկ անձնագրի գաղափարը քննարկվել է մի քանի ամիս շարունակ և հաստատվել ապրիլի 27-ի երեկոյան։ Տպաքանակը կկազմի 25 000-ից մինչև 30 000 օրինակ։ Այդ անձնագրերը հասանելի կլինեն այն դիմողներին, որոնք փաստաթղթերն անձամբ կձևակերպեն Վաշինգտոնի անձնագրային գրասենյակում հուլիսի 4-ից։ Այն անձինք, որոնք ցանկանում են ստանդարտ անձնագիր ստանալ, կկարողանան այն ձևակերպել առցանց կամ այլ գրասենյակներում։ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Թոմի Փիգոթը հայտնել է, որ շարքը կունենա անհատական ​​դիզայն՝ պահպանելով պաշտպանության բոլոր ստանդարտ տարրերը։ Այդ անձնագրի ներսում նախագահի պատկերը կլինի ոսկեգույն ստորագրության վերևում, իսկ շապիկի վրա խոշոր ոսկեգույն տառերով կնշվի երկրի անվանումն ու «Անձնագիր» բառը։ Հակառակ կողմում նախատեսված է ամերիկյան դրոշի պատկերը՝ ոսկեգույն լամինատով և 250 թիվը։ Ինչպես նշում է The Associated Press-ը, ժամանակակից ամերիկյան անձնագրերում արդեն իսկ կան Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի պատկերները, ինչպես նաև խորհրդանշական օբյեկտներ՝ Ազատության արձանը, Ազատության զանգը և Անկախության սրահը։ Մարտին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Դոնալդ Թրամփի ստորագրությունը դոլարային թղթադրամների վրա զետեղելու պլանների մասին՝ ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով