Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե թուրքական ռազմական պատվիրակությունը գտնվել է Սիրիայի Աբու ալ-Դուհուր ավիաբազայում, երբ այն ենթարկվել է Իսրայելի հարվածին։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 20-ին հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ Իսրայելի՝ հարևան երկրների նկատմամբ ռազմական միջամտությունները սկսեն ընկալվել որպես սովորական և ընդունելի երևույթ։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նաև միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Իսրայելի այն գործողությունների դեմ, որոնք, Անկարայի գնահատմամբ, սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Օգոստոսի 18-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել սիրիական Իդլիբի նահանգում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկին։ Օգոստոսի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է անվտանգության բնագավառում Իսրայելի հետ ստատուս քվոյի խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։



