Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Ինչպես տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ «Եթե կրկին պատերազմ սկսվի, ապա, անպայման, մեր կողմից օգտագործող զենքն ուրիշ կլինի, և այդ տարբերությունը կարող է դրսևորվել մարտագլխիկների սերնդի, խոցման ճշգրտության, հրթիռների հեռահարության կամ ցանկացած այլ ցուցանիշով», – ասել է նա իրանական Defa Press գործակալությանը։ Իրանի բարձրաստիճան զինվորականը հավելել է, որ Թեհրանն օրեցօր կատարելագործում է իր ողջ սպառազինության հնարավորությունները և ավելի ճշգրիտ, կործանարար ու տեխնոլոգիամետ զենք է արտադրում։ Վերջին շաբաթներին Իրանի և ԱՄՆ-ի միջև վերսկսված ռազմական գործողությունները դադարել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։



