«Մի գողանա». Իսրայելում ԱՄՆ դեսպան

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հակաբին նախազգուշացրել է օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակիչներին՝ չզավթել պաղեստինցի ամերիկացիներին պատկանող տներն ու հողերը։ Նա նման գործողություններն անվանել է ոչ միայն օրենքի, այլև «Աստծո օրենքի» խախտում և նշել, որ մեղավորները կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների։ Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին իսրայելցի վերաբնակիչները շրջափակել էին գյուղի մի շարք տներ, այդ թվում՝ պաղեստինցի ամերիկացի Լուի Ռիդիի տունը։ Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ դա պաղեստինցիների մասնավոր հողերը զավթելու փորձ էր, որը միջազգային լայն արձագանք և դատապարտում առաջացրեց։ Իսրայելական զինվորականները տասնյակ զինծառայողներ են տեղակայել տարածքում և, ի վերջո, վերաբնակիչներին հեռացրել տներից։ Սակայն նրանք շարունակում են մնալ տարածքի հարևանությամբ։ Ռիդին և մյուս բնակիչները մտահոգված են, որ զինվորականների հեռանալուց հետո վերաբնակիչները կարող են կրկին փորձել ներխուժել իրենց տարածք կամ վնասել իրենց ունեցվածքը։ Հարցին, թե ինչ ուղերձ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այն վերաբնակիչների համար, որոնք մտածում են Արևմտյան ափում պաղեստինցի ամերիկացիներին պատկանող տներն ու հողերը զավթելու մասին, Հակաբին պատասխանել է՝ հղում անելով հրեական և քրիստոնեական Սուրբ Գրքին։ «Կարծում եմ՝ ուղերձը շատ ավելի լայն է, քան պարզապես Թրամփի վարչակազմի ուղերձը։ Սա տարրական քաղաքավարության և քաղաքակիրթ վարքագծի մասին է»։ Նա ընդգծել է. «Չի կարելի վերցնել այն, ինչ քեզ չի պատկանում»։ Հակաբին նաև հիշեցրել է Տասը պատվիրաններից մեկը՝ «Մի՛ գողանա»։ ԱՄՆ պաշտոնյաների գնահատմամբ՝ Արևմտյան ափում բնակվում են պաղեստինյան ծագմամբ տասնյակ հազարավոր ամերիկացիներ։ Նրանցից շատերն ապրում են Ռամալլայի և Նաբլուսի միջև ընկած գյուղերում, որոնց թվում է նաև Քուսրան։ Հակաբին Իսրայելում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնող առաջին ավետարանական քրիստոնյան է։ Նա երկար տարիներ աջակցել է Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերին և այդ տարածքը հաճախ անվանում է աստվածաշնչյան «Հուդա և Սամարիա» անվամբ։ Այս եզրույթն օգտագործում է Իսրայելի կառավարությունը, սակայն այն ԱՄՆ կառավարության պաշտոնական տերմինաբանության մաս չէ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11320

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով