Financial Times-ը գրում է, որ Ուկրաինան ցանկանում է ստանալ Starlink համակարգով հագեցած անօդաչու թռչող սարքերն օգտագործելու թույլտվություն՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել այդ գաղափարին։ Պարբերականի տեղեկություններով՝ դրա համար անհրաժեշտ է նաև SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի հավանությունը, որի դիրքորոշումը Ուկրաինայի և Starlink արբանյակային ինտերնետի օգտագործման հարցում բազմիցս փոփոխվել է։ Հնարավոր մեկ այլ խոչընդոտ է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեոդորովի՝ հուլիսին պաշտոնից հրաժարական տալը։ Ֆեոդորովը անմիջական կապ էր պահպանում Մասկի հետ։ FT-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսին Թրամփի հետ հանդիպման ժամանակ խնդրել է ԱՄՆ-ից ավելի շատ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրել։ Սակայն դրանց օգտագործումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում, հանգեցրել է ամերիկյան հրթիռների պակասի։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Թրամփին համոզելու նպատակով Զելենսկին առաջարկել է նաև սահմանափակել Ուկրաինայի կողմից իրականացվող հարվածների խորությունը մինչև 200 կիլոմետր։ Սակայն հանդիպմանը ներկա աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը հստակ պատասխան չի տվել և, «ըստ ամենայնի, չի աջակցել այդ ծրագրին»։ Նույն աղբյուրները նաև կարծիք են հայտնել, որ Մասկը, հավանաբար, իր հավանությունը չի տա Կիևին։



