Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական համաձայնությունների հասնելու համար, որոնք կնպաստեն նավարկության ազատության վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը», – ասվում է Օմանի լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։ Դիվանագետները նաև քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների ֆոնին քաղաքական երկխոսության և բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղիները։



