Ճապոնիայի արևելքում, այդ թվում՝ Տոկիոյի շրջանում, կիրակի վաղ առավոտյան միջին ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 30 մարդ է տուժել։ Նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։ Ցունամիի վտանգ չի եղել։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժի նախնական ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայի հարավային հատվածում՝ 70 կիլոմետր խորության վրա։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,8 մագնիտուդ։ Տարածաշրջանի հինգ պրեֆեկտուրաներում առնվազն 37 մարդ է տուժել՝ 15-ը՝ Տոկիոյում, 9-ը՝ Սայտամայում, 8-ը՝ Կանագավայում, 4-ը՝ Չիբայում և 1-ը՝ Իբարակիում։ Այս մասին հայտնել են պրեֆեկտուրաների իշխանությունները և Հրդեհների ու աղետների կառավարման գործակալությունը։ Պաշտոնյաների խոսքով՝ տուժածների մեծ մասը վնասվել է ընկնելու կամ կահույքին ու դռներին հարվածելու հետևանքով։ Նրանք քնած են եղել և երկրաշարժից անակնկալի գալով՝ խուճապահար դուրս են եկել անկողնուց։ Տուժածների թվում է եղել նաև 80-ն անց մի կին, որը Յոկոհամայում անկողնուց ընկել և ազդրի լուրջ վնասվածք է ստացել, հայտնում է Yomiuri թերթը։ Երկրաշարժի հետևանքով ուշացումներ են գրանցվել Տոկիոյին, Նարիտայի օդանավակայանին և հյուսիսարևելյան շրջաններին սպասարկող արագընթաց ու տեղական գնացքների երթևեկության մեջ։



