Մեր թիվ մեկ առաջնահերթությունը 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցումն է

Հարավային Կովկասում ձևավորվում է էներգետիկ նոր ճարտարապետություն, և Հայաստանը կանգնած է շատ կոնկրետ ընտրության առաջ՝ մասնակցե՞լ այդ ճարտարապետության ձևավորմանը, թե՞ մի քանի տարի հետո պարզապես հարմարվել արդեն առանց իրեն կառուցված համակարգին։ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան արագացնում են նոր «կանաչ էներգետիկ միջանցքի» ստեղծումը․ արդեն պատրաստվում են տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, միջպետական համաձայնագիրը և համատեղ ընկերության ստեղծումը։ Նպատակը Կասպյան տարածաշրջանից էլեկտրաէներգիան Վրաստանի ու Թուրքիայի միջոցով հասցնել հարավարևելյան Եվրոպա է։ Ավելին՝ Վրաստանն ու Ադրբեջանն արդեն 20 տարվա պայմանավորվածություն ունեն Ադրբեջանի էլեկտրաէներգիան Վրաստանի տարածքով Թուրքիա տարանցելու վերաբերյալ՝ 2027 թվականից։ Այսինքն՝ խոսքը այլևս միայն քաղաքական հայտարարության կամ հեռավոր գաղափարի մասին չէ․ Հայաստանի անմիջական հարևանությամբ կառուցվում է նոր էներգետիկ միջանցք։ Եվ հենց այս պահին հրապարակվում է Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը։ Այդ երկու իրադարձությունները պետք է կարդալ միասին։ Եթե առաջիկա հինգ տարիների ծրագիրը Հայաստանը դիտարկում է միայն որպես սեփական պահանջարկը բավարարող էներգետիկ համակարգ, ապա մենք կարող ենք կրկին հայտնվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքներից դուրս։ Իսկ եթե նպատակը էներգետիկ ինքնիշխանությունն ու տարածաշրջանային դերակատարությունն է, ապա նոր ատոմային հզորությունը, Հայաստան–Վրաստան և Հայաստան–Իրան բարձրավոլտ կապերը, վերականգնվող էներգետիկան, կուտակիչ համակարգերը և արտաքին շուկաներին հասանելիությունը պետք է դիտվեն ոչ թե առանձին ծրագրեր, այլ մեկ միասնական աշխարհաքաղաքական նախագծի բաղադրիչներ։ Առավել ևս, երբ Հայաստանը միաժամանակ պատրաստվում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը, իսկ կառավարությունը միջուկային էներգիան պաշտոնապես շարունակում է դիտարկել որպես երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրիչ։ Ուստի հիմնական հարցը շատ ավելի մեծ է, քան՝ ինչ հզորության կայան ենք կառուցելու։ 2026–2031 թվականներին Հայաստանը կառուցո՞ւմ է պարզապես ավելի հուսալի էլեկտրացանց, թե՞ ստեղծում է այնպիսի էներգետիկ համակարգ, առանց որի Հարավային Կովկասի ապագա էներգետիկ քարտեզը հնարավոր չի լինի կազմել։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11559

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով