Հայաստան–Սփյուռք հարաբերությունները նորից կանգնած են շատ հիմնարար ընտրության առաջ․ Սփյուռքը կապ ունի՞ իրական Հայաստանի Հանրապետության հետ՝ իր ժողովրդի ընտրած իշխանությամբ, սահմաններով, անվտանգության խնդիրներով ու քաղաքական որոշումներով, թե՞ առավելապես իր հիշողության և պատկերացրած Հայաստանի հետ։ Սա հատկապես ակնհայտ է հիմա, երբ Հայաստան–ԱՄՆ հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի են բարձրացվել՝ TRIPP-ից մինչև էներգետիկա, արհեստական բանականություն, կիսահաղորդիչներ, պաշտպանության և անվտանգության համագործակցություն, իսկ Սփյուռքում այդ զարգացումների դեմ երբեմն հակազդեցություն է հնչում ոչ այնքան Հայաստանի պետական շահից, որքան Հայաստանի գործող իշխանության նկատմամբ վերաբերմունքից։ Այս հարցին արդեն արձագանքում է նաև կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը։ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների հատվածում պետությունը շեշտը դնում է ոչ միայն հայկական ինքնության պահպանման և հայրենադարձության, այլ նաև Սփյուռքի մարդկային, մտավոր ու տնտեսական ներուժը Հայաստանի կայուն զարգացման շուրջ համախմբելու վրա։ Ավելին՝ կառավարությունը հայտարարում է, որ Սփյուռքը չի դիտարկում որպես պատրաստի գործիք հայկական հարցեր լուծելու համար, այլ որպես նպատակների և օրակարգերի ձևավորման ակտիվ մասնակից։ Այսինքն՝ առաջարկվում է հարաբերությունների նոր մոդել՝ բարեգործությունից ու խորհրդանշական հայրենասիրությունից դեպի մասնակցություն, ներդրում և պատասխանատվություն Հայաստանի գործող պետության նկատմամբ։ Բայց այստեղ է ամենադժվար հարցը․ Սփյուռքն ինքը պատրա՞ստ է այդ նոր պայմանագրին։ Պատրա՞ստ է ընդունել, որ Հայաստանի առաջնահերթությունները այսօր ժողովրդավարությունն են, անվտանգությունը, ուժեղ բանակը, եվրոպական ինտեգրումը, ԱՄՆ-ի հետ նոր ռազմավարական կապերը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունը, նույնիսկ եթե այդ քաղաքականությունը չի համընկնում Սփյուռքի մի հատվածի պատմական կամ կուսակցական պատկերացումների հետ։ Հայաստանը հիմա շատ կոնկրետ պետություն է՝ անվտանգություն, հարկեր, բանակ, կրթություն, ներդրում և երբեմն նաև ծանր քաղաքական փոխզիջումներ պահանջող պետություն։ Եվ գուցե այսօր Հայաստան–Սփյուռք հարաբերությունների հիմնական հարցը հենց սա է՝ կարո՞ղ ենք պատմական հայրենիքի գաղափարից անցնել գործող պետության համատեղ կառուցմանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



