Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևի, Բորիսպոլի, Զապորոժիեի, Կրեմենչուգի և Կրիվոյ Ռոգի ռազմարդյունաբերական համալիրների, մետալուրգիայի և նավթավերամշակման արդյունաբերության, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների վրա գիշերային զանգվածային հարվածների մասին։ Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, հարձակման են ենթարկվել Օդեսայի, Չեռնոմորսկի և Ռենիի նավահանգիստները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել է, որ երկրի ուղղությամբ արձակվել են 258 անօդաչու թռչող սարք, «Իսկանդեր M/KN-23» բալիստիկ հրթիռներ և «Օնիկս» հականավային հրթիռներ, որոնց մեծ մասը խոցվել է։ Որոշ վայրերում գրանցվել են հարվածներ։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ իշխանությունները հայտնել են, որ Օդեսայի մարզի վրա հարձակումը տևել է յոթ ժամ։ Օդեսայում վնասվել է 16-հարկանի բնակելի շենք և երկու ուսումնական հաստատություն։ Վնասվել են ենթակառուցվածքային կառույցներ, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան։ Կիևում վնասվել է գիմնազիայի շենք։ Կրիվոյ Ռոգի վրա արձակվել է երկու բալիստիկ հրթիռ, որոնց թիրախում է եղել արտադրական ձեռնարկություն։ Կա 2 տուժած, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Խերսոնում կա 1 զոհ, ևս 1 զոհ՝ Սումիում։ Զապորոժիեում կա 3 վիրավոր։ Ռուսաստանին ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 267 ԱԹՍ խոցելու մասին։ Դրանցից 70-ը, ըստ Ռոստովի նահանգապետի, խոցվել է մարզի տարածքում։ Բելգորոդի մարզում, ըստ ՏԱՍՍ գործակալության, ուկրաինական հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել։ Վերջին մեկ օրվա ընթացքում վիրավորվել է 16 մարդ։ Ռուսական Ozon առցանց վաճառքի ընկերությունը հայտնել է անօդաչուների նոր հարվածների մասին։ Թիրախավորվել են Օրենբուրգում և Ուֆայում ընկերության լոգիստիկ օբյեկտները։ Օրենբուրգի պահեստի բոլոր աշխատակիցներն, ըստ Ozon-ի հաղորդագրության, ժամանակին տարհանվել են, տուժածներ չկան։ Հրդեհներ չեն բռնկվել։ Օբյեկտը վերսկսել է աշխատանքը։ Իսկ Ուֆայում լոգիստիկ կենտրոնն աննշան վնասներ է կրել և դեռ փակ է մնում։ Հուլիսի 18-ից Ուկրաինան հարձակումներ է գործում Wildberries-ի պահեստների վրա, իսկ օգոստոսի 22-ից հարվածներ են հասցվում Ozon-ի լոգիստիկ օբյեկտներին։



