ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել է Լոնդոնին Կիևին զենք փոխանցելու հետևանքների մասին։ «Բրիտանական զինատեսակների կիրառմամբ Ռուսաստանի տարածքին հասցվող ուկրաինական հարվածների պատասխանը կարող են դառնալ Բրիտանիայի ցանկացած ռազմական օբյեկտներն ու տեխնիկան՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ մեր երկրի խաղաղ բնակչության դեմ կատարված արարքների համար մեղավորները կպատժվեն արածին համապատասխան»,- ճեպազրույցի ընթացքում ասել է նա։ Դիվանագետը բրիտանացիներին կոչ է արել գիտակցել նման քաղաքականության վտանգավոր հետևանքները։ Նրա խոսքով՝ Լոնդոնը պետք է հրաժարվի «թշնամական գծից», որը կարող է հակամարտությունը տեղափոխել սկզբունքորեն այլ մակարդակ։ Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան արձանագրում է տեղեկություններ այն մասին, որ Լոնդոնը Կիևին է փոխանցում Storm Shadow հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տվյալները։ Անալոգային (նմանատիպ) քայլի մասին ազդարարել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն չէր հասցրել այն իրագործել։ «Ակնհայտ է, որ ուկրաինացիներին այսպես կոչված հավաքման գործառույթները փոխանցելու որոշումներով Լոնդոնն ու Փարիզը տենդագին փորձում են իրենց վրայից հանել պատասխանատվությունը մեր երկրի տարածքի խորքերը հասցվող հարվածների համար»,- հավելել է նա։



