Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում, զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալել են գավառցու երկու ազգականներին։ Ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնաբերվել են պարկերով 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։ Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։ Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։



