ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը հաստատել է, որ նախօրեին Մոսկվայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ռատկլիֆի հետ հանդիպում է ունեցել։ «Դրանում արտառոց ոչինչ չկա»,- ասել է Նարիշկինը և հավելել, որ «քննարկվել են հատուկ ծառայությունների իրավասությունների ոլորտի հարցեր», որոնց մանրամասնությունները նա չի բացահայտել, քանի որ դրանք «դելիկատ» են։ Ռատկլիֆի Մոսկվա այցը հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա, ի տարբերություն ռուսաստանյան կողմից, հույս է հայտնել, որ «դրանից, գուցե, ինչ-որ բան ստացվի»։ Ուկրաինացի բլոգեր Շուխինսկին, առանց որևէ աղբյուր նշելու, ֆեյսբուքյան գրառում է կատարել։ Ըստ այդմ, «ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցը Թրամփի և Պուտինի հանդիպման նախապատրաստությունը ակտիվացրել» է։ Նրա ասելով՝ «Թրամփի թիմը սկզբունքային առարկություններ չունի, բայց ամերիկյան կողմը առաջարկում է հանդիպել «չեզոք» տարածքում, մինչդեռ Պուտինը պնդում է, որ Թրամփը պետք է այցելի Ռուսաստան»։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա քննարկման թեմաները «ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը, երկկողմ հարաբերությունների վերականգնումը և Իրանում իրավիճակը ու Ռուսաստանի կողմից իրանական ղեկավարությանը աջակցության դադարեցումն» են։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը մամուլին ասել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը «կարող են հանդիպել» Չինաստանում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովի շրջանակներում, «եթե երկու առաջնորդները մասնակցեն»։ Այդ խորհրդաժողովը նախատեսված է առաջիկա նոյեմբերին։ Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը դեռևս չեն հաստատել, որ նախագահներ Պուտինը և Թրամփը կմասնակցեն։ Դիտարժան է, որ անցած օրերին Կիևում է գտնվել Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ գեներալ Քելոգը։ Ըստ ուկրաինական Unian-ի, նա ասել է, որ Միացյալ Նահանգները երբեք Մերձբալթիկան չի ճանաչել «իբրև Ռուսաստանի մաս, բայց ընդունել է, որ փաստացի այդպես» է։ Արդյոք նա Ուկրաինայի նախագահին պատերազմը այդ գնով դադարեցնելու առաջարկություն արե՞լ է, ենթադրության ոլորտի խնդիր է։ Իրականություն է, որ Ուկրաինան Դոնբասի օկուպացիայից ազատ մնացած հատվածը պաշտպանելու համար երեք նոր բրիգադ է կազմավորում։ Կարելի է հասկանալ, որ պատերազմը Ռուսաստանի համար ստացել է «ավելի շատ տարածքներ գրավելու» նշանակություն, իսկ Ուկրաինան ձգտում է հնարավորինս քիչ կորցնել։ Հավանական է, որ Բելառուսից Ուկրաինայի դեմ «հյուսիսային ճակատ բացելու» նախապատրաստական աշխատանքները Կիևի նկատմամբ «հոգեբանական ճնշում» են, ինչի հասցեատեր են նաեւ եվրոպական երկրները։ Պետք է նկատի ունենալ նաև, որ Իրանի հարցում ԱՄՆ նախագահը «հայտնվել է ճահճում», և Ռուսաստանի «աջակցությունը» նրան, գուցե, ավելի է պետք, քան թվում է։



