Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրը իսկապես փոխվել է։ Ներսես Կոպալյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը դուրս է գալիս գոյատևման մշտական ռեժիմից. ԱՄՆ-ի ներգրավվածությունը մեծացրել է զսպման ազդեցությունը, TRIPP-ը դարձել է ավելի լայն տնտեսական ու անվտանգային ճարտարապետության մաս, իսկ Ռուսաստանը կորցնում է քաղաքական մենաշնորհը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի վրա տնտեսական և ենթակառուցվածքային ազդեցության լուրջ գործիքներ։ Բայց հիմա սկսվում է ավելի դժվար փուլը։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրն արդեն խոսում է ԵՄ-ին պաշտոնապես դիմելու, երկաթուղու կառավարման համակարգը վերանայելու, արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի, ուժեղ բանակի և պետական ինստիտուտների ամրապնդման մասին։ Վարչապետն անգամ այլընտրանքների առկայությունն է բնորոշում որպես պետական անվտանգության հարց։ Հետևաբար Հայաստանի գլխավոր հարցն աստիճանաբար փոխվում է՝ կարո՞ղ ենք արդյոք արտաքին քաղաքական հնարավորությունը վերածել պետական կարողության։ Որովհետև խաղաղությունը, ԵՄ ուղղությունը, ամերիկյան անվտանգային և տեխնոլոգիական համագործակցությունը կամ Ռուսաստանի ազդեցության նվազումը դեռ ինքնաբերաբար ուժեղ պետություն չեն ստեղծում։ Դրա համար անհրաժեշտ են դիմադրունակ ինստիտուտներ, պրոֆեսիոնալ դիվանագիտություն, հետախուզություն, ինքնուրույն պաշտպանական կարողություն և այնպիսի տնտեսություն, որը մեկ կենտրոնի քաղաքական որոշումից չի կարող կաթվածահար լինել։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



