Ուգանդայում 34 տարեկանում մահացել է Տորոյի թագավոր Ռուկիդի IV-ը, որը համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ գործող միապետը։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Տորոյի թագավորության վարչապետի հայտարարությանը, միապետի մահվան պատճառը չի բացահայտվում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ միապետը գտնվում էր ծանր վիճակում և ԱՄՆ-ում բուժում էր ստանում ուռուցքային հիվանդությունից։ Օյո Նյիմբա Կաբամբա Իգուրա Ռուկիդի IV-ը ղեկավարում էր Ուգանդայի արևմուտքում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին մոտ գտնվող փոքրիկ Տորոյի թագավորությունը։ Նա գահ է բարձրացել 1995 թվականին՝ երեք տարեկանում՝ հոր հանկարծակի մահից հետո, և ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերիտասարդ գործող միապետ։ Ուգանդան հանրապետություն է, որի պետության ղեկավարն ընտրվում է, սակայն երկրում պահպանվել են մի քանի ավանդական միապետություններ, որոնք գործում են դեռևս նախագաղութային շրջանում ձևավորված թագավորությունների սահմաններում։



