Իրանը կարող է վնաս հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջոցների ճնշման ուժեղացման դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային լիբանանյան Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշման սաստկացման դեպքում մենք կպատասխանենք հակամիջոցներով, որոնք կազդեն տարածաշրջանում ամերիկյան շահերի վրա», – ասել է նա: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչ հակամիջոցների մասին է խոսքը։ Ռեզային հավելել է, որ իր կարծիքով, ԱՄՆ-ի անցումը Թեհրանի վրա տնտեսական ճնշման վկայում է , որ «հակամարտության լուծման ռազմական մոտեցումը սահմանափակ արդյունք է տալիս»։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցով նավերի անցմանը՝ նա հայտարարել է, որ դա կախված կլինի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից։ «Այս պահին Իրանը ժամանակավորապես միջանցք է բացել Հորմուզի նեղուցի կենտրոնով, բայց նավագնացությունն ապագայում կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացից», – հայտարարել է Ռեզային։ Նա հավելել է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում միջնորդները «խնդրել են Իրանի պայմանների ցանկը նեղուցը բացելու համար», և Թեհրանում պատրաստում են այդ փաստաթուղթը։ Սակայն Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության վերսկսման համար առաջնահերթ պայմանը «բոլոր հակամարտությունների դադարեցումն է Մերձավոր Արևելքում», հատկապես՝ Գազայում և Լիբանանում, նշել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։



