ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան դեռ չի ստացել. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն պնդումը, թե Ռուսաստանը օգոստոսի 14-ին ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով բացատրել, թե ինչպես է Վաշինգտոնն օգնում Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պարբերաբար արևմտյան մամուլում հայտնվող տեղեկությունների հիման վրա դիվանագիտական ուղիներով դիմում է ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ խնդրելով հաստատել կամ հերքել դրանք։ «Նման դեպքեր վերջին ամիսներին եղել են երեք-չորս անգամ»,– ասել է Լավրովը՝ հավելելով, որ ԱՄՆ-ից այդ հարցում Ռուսաստանը մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել։ Նա դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում նախկին նախագահ Ջո Բայդենի և եվրոպական երկրների քաղաքականությունից տարբերվող մոտեցումը։ Լավրովի խոսքով՝ Թրամփը փորձում է ուշադրություն դարձնել ոչ միայն հակամարտության հետևանքներին, այլև, իր ձևակերպմամբ, դրա «արմատական պատճառներին»։ Լավրովը նաև հիշեցրել է, որ Թրամփը բազմիցս հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այնպիսի հարցեր են, որոնք Ռուսաստանը երկար ժամանակ դիտարկել է որպես անվտանգության սպառնալիք։ Լավրովը անդրադարձել է նաև Անկորիջում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Նրա պնդմամբ՝ հանդիպումից առաջ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի կողմից փոխանցված առաջարկը հիմնված էր «գետնի վրա ստեղծված իրողությունների» վրա և պարունակում էր որոշ փոխզիջումային դրույթներ։ Լավրովի ներկայացմամբ՝ Պուտինը հանդիպման ժամանակ կետ առ կետ ընթերցել է ԱՄՆ առաջարկը և Ուիթքոֆից հաստատում ստացել, որ այն ճիշտ է ներկայացնում Թրամփի դիրքորոշումը։ Դրանից հետո, ըստ Լավրովի, Պուտինը հայտարարել է, որ առաջարկն ընդունում է և Ռուսաստանը պատրաստ է առաջ շարժվել։ «Եթե սա համաձայնություն և պայմանավորվածություն չէ, ապա չգիտեմ՝ ինչ է պայմանավորվածությունը»,– ասել է Լավրովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով