Ղազախստանի նոր միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած «Ադիլեթ» կուսակցության առաջնորդ Այբեկ Դադեբայը: Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը: Դադեբայի թեկնածությունը, որն ավելի վաղ առաջարկել էր երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, խորհրդարանի առաջին լիագումար նիստում պատգամավորները գաղտնի քվեարկությամբ պաշտպանել են միաձայն։ Բաժանվել է 145 քվեաթերթիկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ 144-ը կողմ են քվեարկել։ 46-ամյա Այբեկ Դադեբայը 2026 թ. մայիսից գլխավորում է Ղազախստանի ամենամեծ կուսակցությունը՝ «Ադիլեթ»-ը։ Մինչ այդ նա Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։ Ղազախստանում օգոստոսի 23-ին անցկացված Քուրուլթայի ընտրությունների արդյունքներով «Ադիլեթ» կուսակցությունը երկրի օրենսդիր մարմնի 145 տեղից ստացել է 110 տեղ։ Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն էին հուլիսի 1-ին երկրում նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։ Նոր սահմանադրությամբ երկպալատ խորհրդարանից անցում է կատարվել միապալատ խորհրդարանի։



