Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում տեղի ունեցողը գնալով դժվար է բացատրել պարզապես հերթական լարվածությամբ։ Կարծես փոխվում է հենց հարաբերությունների կառուցվածքը։ Տարիներ շարունակ Հայաստանի ներքին քաղաքականությունը, անվտանգությունը և տնտեսության կարևոր հանգույցները կապված են եղել ռուսական ազդեցության նույն համակարգի հետ։ Հիմա այդ համակարգի տարբեր հատվածները միաժամանակ շարժման մեջ են՝ ՀԱՊԿ-ից փաստացի հեռացում, ԵՄ-ին անդամակցության ցանկություն, ԵԱՏՄ-ի շուրջ աճող հակասություններ, երկաթուղու ռուսական կոնցեսիայի հարց և TRIPP-ի միջոցով նոր տարածաշրջանային կապերի ձևավորում։ Այս ֆոնին առանձնապես կարևոր է Մոսկվայի արձագանքը Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Երբ Կրեմլը Քոչարյանի և մյուս ռուսամետ գործիչների շուրջ գործընթացների մասին արդեն հրապարակային անհանգստություն է հայտնում, իսկ Զախարովան դրանք կապում է Հայաստանի եվրոպական ուղղության հետ, ներքին և արտաքին քաղաքականության սահմանը գրեթե վերանում է։ Հարցն այլևս միայն այն չէ, թե Երևանը հեռանո՞ւմ է Մոսկվայից։ Հարցն այն է՝ սկսե՞լ է Հայաստանը ապամոնտաժել ռուսական ազդեցության այն քաղաքական, տնտեսական և անվտանգային մեխանիզմները, որոնք տասնամյակներով գործել են երկրի ներսում, և ինչ գին կարող է ունենալ այդ գործընթացը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



