Եգիպտոսի թագուհի Նազլի Սաբրիին պատկանող վզնոցը գողացել են Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանից (MAK)։ Զարդի արժեքը վերջին աճուրդում կազմել է մոտ 4,3 միլիոն դոլար։ Գողացված զարդը պատրաստել է ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տունը։ MAK-ը գողացված նմուշի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, սակայն թանգարանի կայքում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ խոսքը կարող է լինել թագավորական վզնոցի մասին, որը զարդարված է 673 ադամանդով՝ ավելի քան 200 կարատ ընդհանուր քաշով։ Թանգարանը հաստատել է, որ գողությունը տեղի է ունեցել զարդերի ցուցադրության ժամանակ և նշել, որ ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության տվյալներով՝ երկու անհայտ տղամարդ թանգարանի աշխատանքային ժամերին կոտրել են ցուցափեղկը, վերցրել վզնոցն ու փախել։ Իրավապահները հրապարակել են կասկածյալների լուսանկարները, որոնցում շենքի ներսում երևում են մուգ հագուստով երկու անձ։



