Կրեմլը Հայաստանի հետ հարաբերություններում հասել է մի ուշագրավ հանգրվանի․ Եվրասիական տնտեսական միությունում Երևանին շտապեցնում է՝ ընտրություն կատարեք, ՀԱՊԿ-ում՝ հակառակը՝ հորդորում չշտապել, իսկ Հայաստանի ներսում արդեն ընտրում է, թե ում ձերբակալությամբ պետք է մտահոգվի Մոսկվան։ Յուրի Ուշակովը նախապես հայտարարել է, որ Բիշքեկում Պուտինը Փաշինյանի հետ «անպայման» քննարկելու է Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները՝ հատուկ ընդգծելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակիցներին։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական ակնարկ է, այլ բավական հստակ քաղաքական պահանջագիր։ Մոսկվան փաստորեն ռուսամետ ընդդիմության ճակատագիրը ներառում է հայ-ռուսական միջպետական օրակարգում։ Պեսկովն ավելի նրբանկատ է․ Հայաստանում, ասում է, «բարդ գործընթացներ» են, և Կրեմլը հույս ունի, որ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կհարգվեն։ Իհարկե կհարգվեն։ Ճիշտ այնքան հետևողականորեն, որքան Մոսկվան հարգում է Հայաստանի իրավունքները Եվրասիական տնտեսական միություն կոչվող օթյակում, որտեղ ապրանքների ազատ տեղաշարժի փոխարեն Հայաստանը պարբերաբար ստանում է բուսասանիտարական պատնեշներ, տնտեսական նախազգուշացումներ և քաղաքական ենթատեքստով սահմանափակումներ։ Ու այստեղ է պատմության հեգնանքը։ Կրեմլը, հավանաբար, հաշվարկել էր, որ Երևանը հերթական անգամ կուլ կտա տնտեսական ճնշումը։ Բայց պատժիչ առևտրի հաշվարկը կարող է հակառակ արդյունքը տալ. երբ պետությանը տնտեսական գործիքներով փորձում են քաղաքական ընտրություն պարտադրել, նրա պատասխանների զինանոցը միայն մաքսատունը չէ։ Հայաստանի ներքաղաքական ռեզերվում վաղուց կան գործեր, սեփականության ծագման հարցեր, ապօրինի գույքի վերադարձի վարույթներ և պատասխանատվության չավարտված պատմություններ։ Այդ ռեզերվը ստեղծել է ոչ թե Կրեմլը, բայց այնտեղից այն հանելու քաղաքական միջավայրը մեծապես ստեղծում է հենց Կրեմլը՝ իր ամենօրյա շանտաժով։ Ստացվում է յուրատեսակ քաղաքական բարտեր․ Մոսկվան հարվածում է հայկական տնտեսական շահերին, իսկ հետո զարմանում, որ Երևանում անհարմարություններ են առաջանում այն քաղաքական շրջանակների համար, որոնց Կրեմլն արդեն գրեթե բաց տեքստով առանձնացնում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների հենարան։ Բայց եթե Մոսկվան այդքան զգայուն է իր բարեկամների ճակատագրի նկատմամբ, այստեղ մի շատ ավելի ծանր հարց կա։ Բաքվի բանտերում արդեն երեք տարի գտնվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները։ Այդ մարդկանց քաղաքական կենսագրությունները տարբեր են, բայց նրանցից շատերի աշխարհաքաղաքական հաշվարկի հիմքում տասնամյակներ շարունակ Ռուսաստանն էր։ Նրանք գործել են մի համակարգում, որտեղ Մոսկվան իրեն ներկայացնում էր որպես անվտանգության գլխավոր երաշխավոր, իսկ 2020-ից հետո այդ երաշխիքը նույնիսկ ֆիզիկական տեսք ուներ՝ ռուսական խաղաղապահ զորախումբ։ Եվ հենց այդ երաշխիքի աչքի առաջ Արցախը հայաթափվեց, իսկ նրա ղեկավարները հայտնվեցին Բաքվի բանտերում։ Այդ դեպքում բնական հարց է առաջանում․ եթե Պուտինը Բիշքեկում ժամանակ ունի Հայաստանի դատարաններում հայտնված ռուսամետ քաղաքական գործիչների իրավունքներով հետաքրքրվելու, ինչո՞ւ նույն քաղաքական համառությամբ Ալիևի հետ չի խոսում իր երբեմնի ամենահավատարիմ արցախյան գործընկերների ազատ արձակման մասին։ Ինչո՞ւ Երևանի կալանավորը Կրեմլի համար միջպետական հարաբերությունների հարց է, իսկ Բաքվում գերեվարվածը՝ ոչ։ Սա արդեն ընտրողական մարդասիրություն չէ միայն։ Սա բացահայտում է ռուսական դաշնակցային հարաբերության իրական մեխանիկան։ Կրեմլին հետաքրքրում է բարեկամը այնքան ժամանակ, քանի դեռ բարեկամը քաղաքական գործիք է։ Երբ գործիքը հայտնվում է հակառակորդի բանտում և նրան պաշտպանելու համար արդեն պետք է ոչ թե Երևանին հանդիմանել, այլ Ալիևի հետ իրական քաղաքական գին վճարել, բարեկամության բառապաշարը զարմանալիորեն աղքատանում է։ Պատմության մեջ կայսրությունները միշտ սիրել են իրենց ծայրամասային հավատարմությունը ներկայացնել որպես բարեկամություն։ Բայց կայսերական բարեկամությունը մի առանձնահատկություն ունի․ հավատարմությունը միշտ պահանջվում է փոքրից, իսկ պատասխանատվությունը մեծի համար, պարզվում է, պարտադիր չէ: Հետևաբար Բիշքեկում Փաշինյանի ամենաուժեղ պատասխանը կարող է նույնիսկ հակադարձ մեղադրանքը չլինել։ Կարելի է պարզապես ընդունել Պուտինի առաջարկած սկզբունքը։ Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոսենք քաղաքական գործիչների իրավունքներից։ Բայց խոսենք բոլորից։ Խոսենք նաև նրանցից, ովքեր տարիներ շարունակ հավատացել են Ռուսաստանի հովանավորությանը, ռուսական անվտանգության համակարգին, ռուս խաղաղապահին և Մոսկվայի խոսքին, իսկ այսօր նստած են Ալիևի բանտում։ Որովհետև եթե Կրեմլը Հայաստանում իր բարեկամներին ճանաչում է նույնիսկ կալանավայրում, իսկ Բաքվում՝ ոչ, ապա հարցը վաղուց այդ մարդկանց իրավունքների մասին չէ։ Հարցն այն է, թե որքան արժե Ռուսաստանի բարեկամությունը այն պահին, երբ Ռուսաստանից վերջապես պահանջվում է բարեկամի գինը վճարել։



