Նեթանյահուի որդին անվտանգության սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ից վերադարձել է Իսրայել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդուն՝ Յաիր Նեթանյահուին, անվտանգության լուրջ սպառնալիքի պատճառով շտապ Մայամիից տեղափոխել են Իսրայել։ Այս մասին հաստատել է Իսրայելի «Շին Բեթ» հատուկ ծառայությունը։ «Իրոք, առկա էր լուրջ վտանգ։ Իրավիճակի գնահատումից հետո որոշում է կայացվել նրան անվտանգության աշխատակիցների խմբի ուղեկցությամբ շտապ վերադարձնել Իսրայել», — ասվում է հատուկ ծառայության հայտարարության մեջ։ Newsmax հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ իրավապահ մարմինների աղբյուրին, պնդում է, որ անցած տարվա վերջին Յաիր Նեթանյահուն դարձել էր իրանական ենթադրյալ մահափորձի ծրագրի թիրախ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իրանցի գործակալները գտնվել են Մայամիում, հետևել են նրա տան և տեղաշարժերի հետ կապված իրավիճակին։ Դրանից հետո, ըստ հաղորդման, Նեթանյահուի որդուն հրահանգվել է անհապաղ հեռանալ, և նա լքել է ԱՄՆ-ը՝ չվերցնելով անգամ անձնական իրերը։ Միևնույն ժամանակ, «Շին Բեթ»-ը չի հաստատել, որ սպառնալիքը հենց Իրանից էր։ Ավելի վաղ Բենյամին Նեթանյահուն հրապարակայնորեն հայտարարել էր, որ Թեհրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Այս շաբաթ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նույնպես հրապարակայնորեն սպառնացել էր Նեթանյահուին։ «Մենք Բենյամին Նեթանյահուին՝ սիոնիստական ռեժիմի վարչապետին, դժոխք կուղարկենք», — հայտարարել էր նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12001

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով