Հայաստանի եվրոպական ուղղությունը մտնում է մի փուլ, որտեղ այն այլևս միայն արժեքային կամ արտաքին քաղաքական հայտարարություն չէ։ Պաշտոնական անդամակցության հայտ ներկայացնելու պատրաստակամությունը նշանակում է, որ Հայաստանը փորձում է ԵՄ-ի հետ հարաբերությունները քաղաքական ցանկությունից տեղափոխել ինստիտուցիոնալ գործընթացի դաշտ։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենաբարդ մասը․ անդամակցության հեռանկարը պետք է միաժամանակ դիմանա Ռուսաստանի հակազդեցությանը, ԵԱՏՄ-ից տնտեսական կախվածության վերանայմանը, եվրոպական չափանիշներին Հայաստանի իրական համապատասխանության խնդրին և Հարավային Կովկասի աշխարհագրությանը։ Մոսկվայի կոշտ արձագանքն էլ ցույց է տալիս, որ Ռուսաստանում Հայաստանի եվրոպական ընտրությունն ընկալվում է ոչ այնքան հեռավոր անդամակցության հեռանկար, որքան սեփական ազդեցության համակարգի կորուստ։ Մեդվեդևն արդեն հայտարարում է, թե Հայաստանը «երբեք» ԵՄ անդամ չի դառնա, մինչդեռ ԵՄ-ն ռուսական առևտրային սահմանափակումները Հայաստանի դեմ անվանել է տնտեսական հարկադրանք և ֆինանսական օգնություն է տրամադրել դրանց հետևանքները մեղմելու համար։ Բայց Հայաստանի իրական խնդիրը նույնիսկ Մոսկվայի արձագանքից ավելի խորն է։ ԵՄ անդամակցությունը նշանակում է տնտեսության, արդարադատության, պետական կառավարման, մրցակցության, մաքսային և կարգավորող ամբողջ համակարգի երկարատև վերափոխում։ Միաժամանակ Հայաստանը աշխարհագրորեն կտրված է ԵՄ-ից․ Վրաստանի եվրոպական գործընթացը սառեցված է, Ադրբեջանը անդամակցության օրակարգ չունի, և այդ պայմաններում Թուրքիան կարող է դառնալ Հայաստանի եվրոպական կապի ամենակարևոր ճանապարհներից մեկը։ Հետևաբար հարցն այսօր միայն այն չէ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ, թե ոչ։ Հարցն այն է՝ կարո՞ղ է Հայաստանը կառուցել այնպիսի պետություն, տնտեսություն և տարածաշրջանային միջավայր, որտեղ եվրոպական ընտրությունն ընդհանրապես կդառնա իրական հնարավորություն։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



