Մենք սովոր ենք հայկական ինքնության մասին խոսել որպես մի բանի, որը պետք է «պահպանել»։ Բայց ժամանակակից մարդաբանությունն ու մշակութաբանությունը վաղուց այլ հարց են տալիս՝ ինքնությունը պահպանվո՞ւմ է, թե՞ անընդհատ վերարտադրվում և վերաձևակերպվում է։ Պատերազմները, սահմանների փոփոխությունը, միգրացիան, սերնդափոխությունը, թվային միջավայրը, պետության և եկեղեցու դերերի փոփոխությունը յուրաքանչյուր սերնդի ստիպում են նորից պատասխանել՝ ով ենք մենք, ինչն ենք համարում մեր անցյալը և ինչ ապագայի հետ ենք մեզ նույնացնում։ Հայաստանի դեպքում այս հարցն առանձնահատուկ ծանրություն ունի։ Մենք միաժամանակ ապրում ենք պատմական հայրենիքի հիշողությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքական իրականության մեջ, ունենք աշխարհով մեկ տարածված Սփյուռք, բայց դեռ փորձում ենք հասկանալ՝ որտեղ է հայկականության կենտրոնը, երեսունհինգ տարի անկախ պետություն ունենք, բայց խորհրդային սոցիալական վարքագծի բազմաթիվ շերտեր շարունակում են վերարտադրվել։ 2025-ին հրապարակված Հարավային Կովկասի երիտասարդության համեմատական հետազոտությունն անգամ արձանագրում է, որ հայկական երիտասարդության շրջանում սերունդների միջև շարունակականությունն ամենաուժեղն է, իսկ խորհրդային անցյալի գնահատականը՝ տարածաշրջանում առավել դրականներից։ Այսինքն՝ քաղաքական համակարգը կարող է փոխվել շատ ավելի արագ, քան մշակույթն ու մարդը։ Մյուս կողմից՝ Սփյուռքն ինքն է փոխվում։ Նոր ուսումնասիրություններն արդեն հայ սփյուռքը դիտարկում են ոչ թե պարզապես որպես հայրենիքից հեռացած համայնք, այլ որպես բազմակենտրոն, տրանսազգային ցանց, որի ինքնությունը կարող է վերարտադրվել նույնիսկ այն սերունդների շրջանում, որոնք անձնական միգրացիոն փորձ չունեն։ Իսկ սոցիալական մեդիան աստիճանաբար դառնում է հիշողություն, պատկանելություն և ինքնություն արտադրող ինքնուրույն միջավայր։ Հետևաբար գուցե մեր իրական խնդիրը հայկական ինքնությունը «պահպանելը» չէ։ Գուցե խնդիրն այն է՝ կարո՞ղ ենք այն վերափոխել այնպես, որ պատմական հիշողությունը չդառնա ներկայի բանտ, պետականությունը չպահանջի պատմության մոռացում, իսկ արդիականացումը չնշանակի ինքնությունից հրաժարում։ Զրուցել ենք մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



