Շվեյցարիայի Աարաու քաղաքում ռեյվ երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով 22-ամյա կին է զոհվել, ևս հինգ մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը՝ ծանր վիճակում են։ Ոստիկանության տվյալներով՝ բոլոր տուժածները Շվեյցարիայի բնակիչներ են։ Զոհված կինը մահացել է դեպքի վայրում ստացած հրազենային վնասվածքներից։ Հինգ վիրավորների թվում են չորս տղամարդ և մեկ կին՝ 24-ից 27 տարեկան։ Կրակոցները հնչել են կիրակի գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, տեխնո միջոցառման ժամանակ, որին նախատեսվում էր շուրջ 3500 մարդու մասնակցություն։ Ականատեսների խոսքով՝ ներկաներից մի քանիսը փորձել են թաքնվել դիջեյի տաղավարի հետևում։ Ոստիկանությունը լայնածավալ որոնումներ է սկսել, քաղաքի մի շարք հատվածներ շրջափակվել են։ Հարձակվողի ինքնությունն ու շարժառիթը դեռ հայտնի չեն։



