Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ շրջվել է լաստանավ, որում գտնվել է մոտ 270 ուղևոր և անձնակազմի անդամ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Կատամարան տիպի լաստանավը ուղևորվում էր էթնիկապես բաժանված Կիպրոսի հյուսիսում գտնվող Կիրենիա նավահանգստից, որը հայտնի է նաև Գիրնե անվամբ, դեպի Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուջու նավահանգիստ։ Նիկոսիայում Թուրքիայի դեսպան Ալի Մուրաթ Բաշչերին Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքին հայտնել է, որ կան տուժածներ, սակայն չի հստակեցրել նրանց թիվը։ Բաշչերին նշել է, որ 259 ուղևորներից և անձնակազմի 8 անդամներից շատերին հաջողվել է փրկել։ Նա հավելել է, որ նրանցից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց։ Կիրենիայի քաղաքապետ Մուրաթ Շենկուլը հայտնել է, որ նավը պատկանում էր Filo Denizcilik լաստանավային ընկերությանը և խորտակվել է Կիպրոսի հյուսիսային ափին գտնվող Դիանա լողափի մոտ։ TRT-ի հաղորդմամբ՝ լաստանավը սկսել է ջուր լցվել ափից մոտ 7.5 կիլոմետր (4 ծովային մղոն) հեռավորության վրա։



