Առողջության համընդհանուր ապահովագրությունը Հայաստանի առողջապահության թերևս ամենախոշոր կառուցվածքային բարեփոխումն է վերջին տասնամյակներում։ 2026-ին համակարգն արդեն ընդգրկում է ավելի քան 1.8 միլիոն շահառու, 2027-ից նախատեսվում է նոր խմբերի ներգրում, իսկ կառավարության 2026–2031 թվականների ծրագրով մինչև 2029 թվականը ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի ապահովագրության համակարգում։ Բայց համընդհանուր ապահովագրությունը միայն այն չէ, որ պետությունը կամ քաղաքացին վճարի բուժման հաշիվը։ Դրա իմաստը առողջապահության ամբողջ տրամաբանությունը փոխելն է՝ հիվանդությունը թանկ բուժելուց դեպի այն կանխարգելելը, հիվանդանոցակենտրոն համակարգից դեպի ուժեղ առաջնային օղակ, ծառայության քանակի ֆինանսավորումից դեպի բուժման արդյունքի և որակի ֆինանսավորում։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որտեղ գրպանից կատարվող առողջապահական ծախսերը շարունակում են մնալ չափազանց բարձր, իսկ իսկ առողջապահական համաշխարհային կազմակերպությունը հենց ֆինանսական պաշտպանության պակասն ու առաջնային բուժօգնության թերօգտագործումն է համարում համակարգի հիմնական խնդիրներից։ Կառավարության ռազմավարական փաստաթուղթն էլ համընդհանուր ապահովագրությանը զուգահեռ առանձնացնում է առաջնային օղակի հզորացումը, թվային առողջապահությունը, ենթակառուցվածքները և առողջապահական կադրային կարողությունների զարգացումը։ Այսինքն՝ հիմնական հարցն այլևս միայն չէ, թե «ո՞վ է ապահովագրված»։ Ավելի կարևոր է՝ երբ ամբողջ Հայաստանը ապահովագրվի, արդյո՞ք համակարգը կունենա բավարար բժիշկներ, բուժքույրեր, հիվանդանոցներ, սարքավորումներ և ճիշտ աշխարհագրություն՝ այդ խոստացված բուժօգնությունն իրականում տրամադրելու համար։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



