Պետությունների պատմության մեջ երբեմն մի փոքրիկ անցակետ ավելի մեծ քաղաքական իմաստ է ստանում, քան տասնյակ գագաթաժողովներն ու հարյուրավոր դիվանագիտական հայտարարությունները։ Մարգարան այսօր հենց այդպիսի վայր է։ Արաքսի ափին գտնվող սահմանային անցակետը, որ տասնամյակներ շարունակ եղել է փակ սահմանների, սառեցված պատմության և կովկասյան աշխարհաքաղաքականության անշարժության խորհրդանիշը, պատրաստ է շահագործման։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն երեկ Մարգարա էր այցելել նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Դիվանագիտական կորպուսին սահման տանելը քաղաքական լեզու է։ Երևանը կարծես իր դեսպաններին ցույց է տալիս ոչ թե պարզապես անցակետ, այլ Հայաստանի հնարավոր նոր աշխարհագրությունը։ Երկու հարյուր տարի Հայաստանը սովորել է ապրել ուրիշների կառուցած աշխարհաքաղաքական քարտեզների մեջ։ Գյուլիստանից ու Թուրքմենչայից մինչև Կարս, խորհրդային սահմաններից մինչև հետխորհրդային շրջափակում՝ այստեղ ճանապարհները չափազանց հաճախ որոշվել են ոչ թե Երևանում, այլ կայսրությունների մայրաքաղաքներում։ Երբեմն սահմանները փակել են պատերազմները, երբեմն՝ պայմանագրերը, երբեմն էլ՝ այն ուժերը, որոնց շահերից էր բխում, որ Հայաստանը հնարավորինս քիչ ելքեր ունենա դեպի արտաքին աշխարհ։ Այդ պատճառով Մարգարայի բացումը ճանապարհային ենթակառուցվածքի հարց չէ։ Այն Հայաստանի աշխարհաքաղաքական կենսագրության փոփոխության հարց է։ 1993-ից փակ հայ-թուրքական սահմանը վաղուց վերածվել է ոչ միայն հայ-թուրքական հակամարտության հետևանքի, այլ Հայաստանի արտաքին կախվածությունների վերարտադրման մեխանիզմի։ Փակ սահման ունեցող պետությունը ստիպված է ապրել սահմանափակ ընտրության պայմաններում։ Իսկ սահմանափակ ընտրությունը ժամանակի ընթացքում վերածվում է սահմանափակ ինքնիշխանության։ Որքան քիչ են ճանապարհները, այնքան մեծ է յուրաքանչյուր առանձին ճանապարհը վերահսկողի քաղաքական կշիռը։ Ահա այստեղ է Մարգարայի իրական արժեքը։ Եթե այն բացվի, Հայաստանը մեկ օրում չի դառնա տարածաշրջանի խոշոր տարանցիկ հանգույց։ Բայց կփոխվի մի շատ ավելի կարևոր բան՝ Հայաստանի հնարավորությունների աշխարհագրությունը ։ Թուրքիայի միջոցով Միջերկրական և եվրոպական տնտեսական տարածք դուրս գալու հեռանկարը, Հայաստանի տարածքով արևելք-արևմուտք հաղորդակցությունների զարգացումը, հայ-թուրքական առևտրի օրինական և ուղիղ ենթակառուցվածքի ստեղծումը կարող են աստիճանաբար փոխել այն տնտեսական քարտեզը, որի վրա Հայաստանը երեք տասնամյակ ապրել է գրեթե կղզու տրամաբանությամբ։ Աշխարհաքաղաքականության հին կանոններից մեկն ասում է՝ ճանապարհը երբեք պարզապես ճանապարհ չէ։ Այն նաև իշխանություն է։ Երկաթուղիներով կայսրություններ են կառուցվել, նավահանգիստներով՝ առևտրային հանրապետություններ, նեղուցների վերահսկողությամբ՝ աշխարհաքաղաքական գերակայություններ։ XXI դարում նույն պայքարը շարունակվում է միջանցքների, էներգետիկ ցանցերի, մալուխների և լոգիստիկ հանգույցների շուրջ։ Հարավային Կովկասը հենց այդ մեծ վերադասավորման մեջ է մտնում։ Այս իմաստով Մարգարան պետք է դիտել ոչ թե մեկուսացված, այլ Հայաստանի նոր հաղորդակցային քաղաքականության ամբողջության մեջ։ Հայաստան-Ադրբեջան հնարավոր խաղաղությունը, ԹՐԻՓ-ը, տարածաշրջանային երկաթուղիների վերագործարկումը և Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նույն մեծ հարցի տարբեր հատվածներն են՝ կարո՞ղ է Հայաստանը փակուղուց վերածվել հանգույցի։ Տարբերությունը սկզբունքային է։ Փակուղին միշտ կախված է այն ճանապարհից, որով իրեն մատակարարում են։ Հանգույցը բանակցում է բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են անցնել իր տարածքով։ Սա է այն սուբյեկտայնությունը, որը Հայաստանին կարող է տալ հաղորդակցությունների բացումը, եթե Երևանը կարողանա պահպանել գլխավոր պայմանը՝ ճանապարհները պետք է անցնեն Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը չպետք է վերածվի ուրիշների ճանապարհի ։ Հայաստանի սահմանը, մաքսային համակարգը, իրավազորությունը և անվտանգությունը չեն կարող դառնալ աշխարհաքաղաքական առևտրի առարկա։ Հակառակ դեպքում բաց ճանապարհը կարող է ստեղծել կախվածության նոր տեսակ՝ հինը վերացնելու փոխարեն։ Այստեղից էլ գալիս է Անկարայի առաջիկա որոշման բացառիկ նշանակությունը։ Թուրքիան երեք տասնամյակ Հայաստանի հետ սահմանի հարցը փաստացի կապել է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ։ Հետևաբար այսօր գլխավոր հարցն այն չէ, թե Մարգարայում համակարգիչները տեղադրվա՞ծ են, ճանապարհը վերանորոգվա՞ծ է, թե սահմանապահներն ունա՞կ են սպասարկելու անցակետը։ Գլխավոր հարցն այն է՝ Անկարան պատրա՞ստ է Հայաստանի հետ հարաբերություններն աստիճանաբար դարձնել ինքնուրույն քաղաքական գործընթաց, թե՞ Երևանի դարպասի բանալին շարունակելու է պահել Բաքվում ։ Սա Թուրքիայի համար նույնպես ընտրություն է։ Եթե Անկարան բացի սահմանը, նա ոչինչ չի նվիրի Հայաստանին։ Նա պարզապես կսկսի օգտագործել այն տնտեսական և քաղաքական հնարավորությունը, որը երեք տասնամյակ ինքն է փակ պահել։ Հայաստանի շուկան փոքր է, բայց Հայաստանը աշխարհագրորեն փոքր չէ։ Այն գտնվում է Սև ծովի, Կասպից ծովի, Իրանի և Թուրքիայի միջև՝ հենց այն տարածքում, որտեղ առաջիկա տասնամյակներին մրցելու են եվրոպական, ամերիկյան, թուրքական, իրանական, ռուսական, չինական և կենտրոնասիական տնտեսական նախագծերը։ Փոքր պետությունների ուժը երբեմն բանակների թվով չի չափվում։ Այն չափվում է նրանով, թե քանի մեծ ճանապարհ է ստիպված անցնել նրանց տարածքով։ Բայց Հայաստանի համար կա ավելի խորը հարց։ Մարգարայի դարպասը բացելը հեշտ է։ Բաց աշխարհին պատրաստ պետություն կառուցելը ՝ շատ ավելի դժվար։ Եթե սահմանը բացվի, Հայաստանի պետական համակարգը պետք է կարողանա կառավարել նոր առևտրային հոսքերը, մաքսային հարաբերությունները, անվտանգությունը, ենթակառուցվածքները, մրցակցային ճնշումը և սահմանամերձ շրջանների տնտեսական վերափոխումը։ Այստեղ այլևս աշխարհաքաղաքական գեղեցիկ բառապաշարը չի օգնի։ Պետք են աշխատող ինստիտուտներ, կանխատեսելի դատարաններ, արդյունավետ մաքսային ծառայություն, ժամանակակից ճանապարհներ և պետություն, որը սեփական տարածքի յուրաքանչյուր մետրի վրա իրական իշխանություն ունի։ Որովհետև ինքնիշխանությունը դրոշը սահմանին կանգնեցնելը չէ միայն։ Ինքնիշխանությունն այն կարողությունն է, որով պետությունը կառավարում է այն ամենը, ինչ անցնում է այդ սահմանի միջով։ Մարգարայում այսօր, հետևաբար, երկու դարպաս կա։ Մեկը ֆիզիկական է՝ դեպի Թուրքիա։ Մյուսը պատմական է՝ դեպի մի Հայաստան, որը փորձում է վերջապես դուրս գալ փակ սահմանների, մեկ կենտրոնից կախվածության և աշխարհաքաղաքական փակուղու դարաշրջանից։ Առաջինը բացելու համար անհրաժեշտ է Անկարայի որոշումը։ Երկրորդը բացելու բանալին միայն Երևանում է։



