Խաղաղությունից հետո

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կարևոր է ոչ այնքան նոր քաղաքական հայտարարություններով, որքան օրակարգի փոփոխությամբ։ Հայաստան–Ադրբեջան բանակցություններում աստիճանաբար նվազում է ընդհանուր քաղաքական ձևակերպումների կշիռը և մեծանում կոնկրետ հարցերի բաժինը՝ TRIPP-ի իրականացում, առևտուր, տարանցում, էներգետիկ համագործակցություն, սահմանազատում, գործարար կապեր և ուղիղ երկկողմ շփումներ։ Սա արդեն հետվաշինգտոնյան փուլն է։ Վաշինգտոնում ձևակերպվել է հարաբերությունների քաղաքական շրջանակը։ Բիշքեկում քննարկվում է դրա գործնական կիրառումը։ Այս տարբերությունը սկզբունքային է։ Խաղաղության գործընթացի հաջորդ փուլում առաջընթացը չափվելու է ոչ այնքան նոր հայտարարությունների, որքան ընդունված պայմանավորվածությունների իրականացման կարողությամբ։ Առաջին խոշոր հարցը TRIPP-ն է։ Հայաստանի համար այն միաժամանակ արտաքին քաղաքական, տնտեսական և ինքնիշխանության կառավարման նախագիծ է։ Այստեղ հաջողության չափանիշը միայն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովումը չէ։ Հայաստանի շահը շատ ավելի լայն է՝ սեփական տարածքը ներգրավել տարածաշրջանային հաղորդակցությունների համակարգում՝ պահպանելով Հայաստանի իրավազորությունը և ստանալով համարժեք տնտեսական ու տրանսպորտային հնարավորություններ։ Հետևաբար TRIPP-ի շուրջ առաջիկա բանակցությունների ամենակարևոր մասը լինելու է ոչ թե նախագծի քաղաքական անվանումը, այլ դրա գործնական կառուցվածքը։ Ինչպե՞ս է կազմակերպվելու սահմանային և մաքսային կառավարումը, ինչպիսի՞ն են լինելու տարանցման ընթացակարգերը, ինչ ենթակառուցվածքներ են կառուցվելու, ինչպես են բաշխվելու տնտեսական իրավունքներն ու պարտավորությունները, և ամենակարևորը՝ Հայաստանի համար ի՞նչ լրացուցիչ հաղորդակցային հնարավորություններ են ստեղծվելու։ Այս հարցերի պատասխաններից է կախված՝ TRIPP-ը կմնա Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապի նախագիծ, թե կդառնա Հայաստանի տարածաշրջանային կապակցվածության քաղաքականության մաս։ Բիշքեկի հաղորդագրության երկրորդ կարևոր հատվածը առևտուրն է։ Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան և երրորդ երկրներից ծագող հացահատիկի ու այլ ապրանքների տարանցումը Ադրբեջանի տարածքով արդեն գործնական հարաբերությունների առաջին տարրերն են։ Դրանք պետք չէ ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել։ Մի քանի առևտրային գործարք ինքնին չի փոխում հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթը։ Բայց եթե այս գործընթացը շարունակվի, այն կարող է ստեղծել հարաբերությունների մի ոլորտ, որը երեք տասնամյակ փաստացի գոյություն չի ունեցել։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սկսեն միմյանց հետ աշխատել նաև որպես տնտեսական գործընկերներ։ Դրա հաջորդ փուլը կարող է լինել առևտրային ռեժիմի կարգավորումը՝ մաքսային ընթացակարգեր, ապրանքների ծագման կանոններ, սերտիֆիկացում, վճարային մեխանիզմներ, ապահովագրություն, փոխադրումների պատասխանատվություն և վեճերի լուծման ընթացակարգեր։ Առանց այս համակարգի առանձին մատակարարումները կմնան քաղաքական խորհրդանիշներ։ Համակարգի ստեղծման դեպքում արդեն գործ կունենանք միջպետական տնտեսական հարաբերության հետ։ Նույնը վերաբերում է էներգետիկային։ Եթե քննարկումները վերածվեն էլեկտրաէներգիայի փոխանակման, ցանցերի փոխկապակցման կամ այլ նախագծերի, Հայաստանը և Ադրբեջանը ստիպված կլինեն ձևավորել տեխնիկական և իրավական համագործակցության մեխանիզմներ։ Դա արդեն պահանջում է պետական մարմինների, կարգավորողների և մասնավոր հատվածի կանոնավոր աշխատանք։ Այսինքն՝ հարաբերությունը աստիճանաբար տեղափոխվում է առաջնորդների հանդիպումներից դեպի հաստատություններ։ Հենց դա է կարգավորման գործընթացի կարևորագույն ցուցիչներից մեկը։ Բիշքեկում Փաշինյանն ու Ալիևը հատուկ ընդգծել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը։ Սա թերևս ամբողջ հաղորդագրության ամենակարևոր քաղաքական կետերից է։ Առանց իրավականորեն հստակեցված պետական սահմանի տնտեսական բացումը մշտապես պահպանելու է քաղաքական և անվտանգային խոցելիություն։ Հետևաբար սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը պետք է առաջ շարժվեն փոխկապակցված, բայց առանձին իրավական գործընթացներով։ Սահմանը պետք է հստակեցնի երկու պետությունների ինքնիշխան տարածքների սահմանները։ Հաղորդակցությունների վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է սահմանեն այդ տարածքներով մարդկանց, ապրանքների և տրանսպորտի շարժի կանոնները։ Այս երկու հարցերի խառնումը կարող է հետագայում նոր վեճերի աղբյուր դառնալ։ Այստեղ հատկապես կարևոր է բացառել այնպիսի ձևակերպումները կամ գործնական ռեժիմները, որոնք կարող են տարբեր մեկնաբանությունների տեղ թողնել Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Եթե կողմերը համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման սկզբունքին, նույն սկզբունքը պետք է հստակ արտացոլվի նաև ենթակառուցվածքների գործարկման բոլոր մեխանիզմներում։ Բիշքեկի հանդիպման մյուս կարևոր հանգամանքը ուղիղ երկկողմ շփումների շարունակման պայմանավորվածությունն է։ Վաշինգտոնի մասնակցությունը գործընթացին պահպանելու է իր նշանակությունը, հատկապես TRIPP-ի իրականացման հարցում։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող անընդհատ կախված մնալ երրորդ կողմի միջնորդությունից։ Առևտուրը, սահմանազատումը, սահմանային ընթացակարգերը, էներգետիկան և ամենօրյա տեխնիկական հարցերը պահանջում են Երևան–Բաքու մշտական աշխատանքային կապ։ Այս իմաստով առաջիկա փուլի խնդիրը ոչ միայն քաղաքական համաձայնությունների իրականացումն է, այլ երկկողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացումը։ Սահմանազատման հանձնաժողովներն արդեն այդ համակարգի մի մասն են։ Նույն տրամաբանությամբ ժամանակի ընթացքում անհրաժեշտ կարող են դառնալ տնտեսական, տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և այլ ոլորտների մշտական աշխատանքային մեխանիզմներ։ Դա նաև կնվազեցնի հարաբերությունների կախվածությունը երկու երկրների ղեկավարների յուրաքանչյուր հանդիպումից։ Բիշքեկից հետո, հետևաբար, հիմնական հարցը այլևս այն չէ, թե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության կողմնակից են։ Քաղաքական մակարդակում այդ հայտարարությունն արդեն արված է։ Կկարողանա՞ն արդյոք երկու պետությունները քաղաքական համաձայնությունները վերածել հստակ կանոնների, կայուն մեխանիզմների և գործող միջպետական հարաբերությունների:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12094

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով