Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ոլորտներում», – ասել է Պուտինը հանդիպման ժամանակ։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Պեկինի հետ՝ երկու երկրների միջև վիզային ռեժիմը մշտական դարձնելու համար, եթե Չինաստանը դա շահավետ համարի։ Նա նշել է, որ երկրների միջև զբոսաշրջիկների հոսքն առանց վիզայի ռեժիմի շնորհիվ տարվա առաջին կեսին աճել է 43%-ով։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և այլոք։ Սա երկու առաջնորդների միջև 2026 թվականին երկրորդ անձնական հանդիպումն է։ Մայիսին Ռուսաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Չինաստան։ 2025 թ. դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահը ստորագրել էր հրամանագիր, որը թույլ էր տալիս Չինաստանի քաղաքացիներին առանց վիզայի մեկնել Ռուսաստան մինչև 2026 թ. սեպտեմբերի 14-ը՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Չինաստանն իր հերթին ավելի վաղ նմանատիպ առանց վիզայի ռեժիմ էր սահմանել ռուսաստանցիների համար։ Այնուհետև երկու կողմերը փոխադարձաբար երկարաձգել էին առանց վիզայի մուտքը մինչև 2027 թվականի վերջը։ Չինաստանի նախագահի հետ հանդիպումը ՇՀԿ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահի երկկողմ բանակցությունների շարքի առաջինն էր։ Ավելի ուշ Պուտինը կհանդիպի Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Իրանի, Հնդկաստանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Մոնղոլիայի ղեկավարների հետ։ ՇՀԿ գագաթնաժողովի պաշտոնական միջոցառումները սկսվում են սեպտեմբերի 1-ին։



