Զինվորների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է․ ՄԻՊ-ի այցը Տավուշ

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել բանակային կորպուսի և զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև զինծառայողների հետ։ Պաշտպանն առանձնահատուկ ընդգծել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը։ Միաժամանակ, Անահիտ Մանասյանն ընդգծել է զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը։ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման տեսանկյունից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12124

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով