Երբ կայսրությունը խմբագրում է օրացույցը

Երբ աշխարհաքաղաքական քարոզչությունը հասնում է այն կետին, որտեղ անհրաժեշտ է ապացուցել նույնիսկ ժամանակի հաջորդականությունը, օրացույցն ինքն է դառնում քաղաքական փաստաթուղթ։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ, այդ թվում՝ Ջերմուկի հատվածում։ Հոկտեմբերի 6-ին՝ 23 օր անց, Պրահայում տեղի ունեցավ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Սեպտեմբերի 13-ը հոկտեմբերի 6-ից առաջ էր։ Սա կարծիք չէ։ Մեկնաբանություն չէ։ Արևմտյան կամ ռուսական աշխարհաքաղաքական դիրքորոշում չէ։ Օրացույց է։ Եվ, այնուամենայնիվ, ռուսական քաղաքական խոսույթում այսօր փորձ է արվում Հայաստանի դեմ 2022 թվականի ռազմական գործողությունների պատճառահետևանքային շղթան կապել Պրահայում ավելի ուշ տեղի ունեցած հանդիպման և այնտեղ ձևակերպված պայմանավորվածությունների հետ։ Խնդիրը այստեղ արդեն կոնկրետ հայտարարության սխալ լինելը չէ։ Խնդիրն այն քաղաքական մեթոդն է, որով հետ եւանքը տեղափոխվում է պատճառից առաջ ։ Պատմության վերաշարադրումը միշտ սկսվում է ժամանակագրությունից։ Նախ փոխում են իրադարձությունների հերթականությունը, հետո՝ դրանց պատճառները, վերջում՝ պատասխանատուներին։ Այս տեխնոլոգիան հին է։ Կայսրությունները հազվադեպ են բավարարվում տարածքների վերահսկմամբ։ Նրանք ձգտում են վերահսկել նաև պատմությունը, որով այդ տարածքների ժողովուրդները բացատրում են սեփական անցյալը։ Ով սահմանում է՝ ինչն ինչից հետո է տեղի ունեցել, հաճախ կարողանում է սահմանել նաև՝ ով է զոհը, ով՝ մեղավորը, և ում էր «այլևս ոչինչ չէր մնում անել»։ Խորհրդային պատմագրությունը տասնամյակներ շարունակ հենց այս մեթոդով էր աշխատում։ Բալթյան երկրների բռնակցումը ներկայացվում էր որպես «կամավոր միացում», Հունգարիա և Չեխոսլովակիա զորքերի մուտքը՝ որպես արտաքին սպառնալիքից պաշտպանություն։ Իրադարձությունը չէր ժխտվում։ Փոխվում էր դրա պատճառը։ Ժամանակակից ռուսական քարոզչությունն այս ավանդույթի ժառանգորդն է։ Այն հաճախ չի ասում, որ ինչ-որ բան տեղի չի ունեցել։ Ավելի արդյունավետ բան է անում՝ փոխում է այն պատմությունը, որի մեջ այդ փաստը տեղադրված է։ Սա կարևոր տարբերություն է։ Կեղծիքի պարզունակ ձևը փաստի ժխտումն է։ Ավելի կատարելագործված ձևը փաստը պահպանելն է, բայց պատճառահետևանքային կապը փոխելը։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի և հոկտեմբերի 6-ի դեպքում այդ մեթոդը հասնում է գրեթե գրոտեսկի։ Որպեսզի Պրահայի հանդիպումը ներկայացվի նախորդած ռազմական գործողությունների պատճառներից մեկը, անհրաժեշտ է ոչ միայն վերաիմաստավորել քաղաքականությունը։ Անհրաժեշտ է վերաիմաստավորել ժամանակը։ Բայց Հայաստանի համար այստեղ ռուսական քարոզչությունից ավելի կարևոր խնդիր կա։ Ինչո՞ւ է օտար պետության վերաշարադրած պատմությունը Հայաստանում այդքան արագ տեղական սպառում գտնում։ Մոսկվան ունի իր շահերը։ Ռուսաստանը ցանկանում է բացատրել, թե ինչու Հայաստանի անվտանգության նախկին համակարգը չաշխատեց, ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չկատարեց Երևանում ակնկալվող գործառույթը և ինչու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունը հայտնվեց ճգնաժամում։ Մեծ տերությունը սեփական վարքագիծը սեփական շահերից ելնելով մեկնաբանելը արտառոց չէ։ Արտառոցն այն է, երբ փոքր պետության քաղաքական դասի մի հատվածը մեծ տերության մեկնաբանությունը սկսում է պաշտպանել նույնիսկ սեփական պետության փաստերի դեմ ։ Այստեղ հարցն այլևս ռուսամետ կամ արևմտամետ լինելու մասին չէ։ Այն քաղաքական ինքնության մասին է։ Հայկական քաղաքականությունը կարող է լինել պահպանողական կամ ազատական, իշխանամետ կամ ընդդիմադիր, եվրոպական ինտեգրման կողմնակից կամ դրա քննադատ։ Այդ տարաձայնությունները բնական են և անհրաժեշտ։ Բայց պետք է գոյություն ունենա մի նվազագույն կետ, որից սկսվում է պետական քաղաքականությունը՝ Հայաստանի փաստերը չեն կարող ստորադասվել որ եւէ արտաքին կենտրոնի քաղաքական պահանջներին ։ Եթե Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական գործողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, իսկ Պրահայի հանդիպումը՝ հոկտեմբերի 6-ին, հայ քաղաքական գործչի առաջին պարտականությունը այդ ժամանակագրությունը պաշտպանելն է։ Ոչ Փաշինյանին։ Ոչ իշխանությանը։ Հայաստանի փաստը։ Սա հատկապես կարևոր է փոքր պետությունների համար։ Մեծ տերությունները կարող են իրենց պատմական սխալներից հետո էլ գոյատևել։ Նրանք ունեն տարածք, ռազմավարական խորություն, բանակ, տնտեսական զանգված և ժամանակ։ Փոքր պետության համար սեփական պատմության նկատմամբ վերահսկողությունը ինքնիշխանության բաղադրիչ է։ Եթե ուրիշը կարող է քեզ բացատրել, թե երբ են քեզ վրա հարձակվել, ինչու են հարձակվել և ով է դրա համար պատասխանատու, ապա նա արդեն վերահսկում է ոչ միայն քո անցյալի մեկնաբանությունը․ նա փորձում է վերահսկել նաև քո ապագա ընտրությունը։ Այդ պատճառով տեղեկատվական ինքնիշխանությունը նույնքան իրական հասկացություն է, որքան տարածքային ինքնիշխանությունը։ Պետությունը սահմանապահ է պահում, որպեսզի ուրիշը չտեղափոխի իր տարածքային սահմանը։ Այն պետք է ունենա նաև ինստիտուտներ, քաղաքական մշակույթ և հանրային բանավեճ, որոնք թույլ չեն տա ուրիշին տեղափոխել պատճառի եւ հետ եւանքի սահմանը ։ Հայաստանի քաղաքական դաշտում ռուսական ցանկացած թեզ կրկնելը ինքնին խնդիր չէ։ Ռուսաստանը երբեմն կարող է իրավացի լինել, Հայաստանի իշխանությունը՝ սխալ։ Ազգային շահը իշխանության պաշտպանություն չէ։ Բայց նույն սկզբունքը գործում է հակառակ ուղղությամբ։ Ընդդիմադիր լինելը չի նշանակում սեփական պետության դեմ ցանկացած արտաքին փաստարկ ընդունելու պարտավորություն։ Այստեղ է անցնում պետական մտածողության սահմանը։ Քաղաքական ինքնությունը հայկական է ոչ այն պատճառով, որ մարդը Ռուսաստանին չի սիրում կամ սիրում է Եվրոպան ։ Այն հայկական է այն ժամանակ, երբ աշխարհի ցանկացած մայրաքաղաքի՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի կամ Թեհրանի հայտարարությունը նա առաջին հերթին չափում է Հայաստանի պրիզմայով, փաստերով և շահերով։ Մայրաքաղաքները փոխարինելի են։ Պետական շահը՝ ոչ։ Հայաստանի վերջին տարիների ամենակարևոր վերափոխումը, հետևաբար, միայն արտաքին քաղաքական ուղղության փոփոխությունը չէ։ Շատ ավելի դժվար գործընթաց է սկսվել՝ Հայաստանի մասին մտածել ոչ թե ուրիշների աշխարհաքաղաքական բառապաշարով, այլ սեփական պետության տրամաբանությամբ։ Սա Ռուսաստանից հեռանալու մասին չէ։ Սա քաղաքական չափահասության մասին է։ Որովհետև ինքնիշխան պետությունը սկսվում է այն պահին, երբ ոչ մի արտաքին մայրաքաղաք իրավունք չունի քեզ համոզելու, որ երեկը վաղվանից հետո էր։ Սեպտեմբերի 13-ը հոկտեմբերի 6-ից 23 օր առաջ էր։ Եվ եթե քաղաքական համոզմունքը ստիպում է մարդուն վիճել նույնիսկ օրացույցի հետ, խնդիրը այլևս փաստերի մեջ չէ։ Խնդիրը այն է, թե ում պատմության մեջ է նա ապրում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12273

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով