Хоть завтра. «Վաղն իսկ կհեռանանք»

Կայսրությունները սովորաբար հեռանում են երկու անգամ։ Առաջինը՝ երբ կորցնում են ազդեցությունը։ Երկրորդը՝ երբ ընդունում են, որ այլևս չեն կարող իրենց ներկայությունը ներկայացնել որպես անփոխարինելիություն։ Բիշքեկում Վլադիմիր Պուտինը, թերևս, արտասանեց Հայաստանի հետ Ռուսաստանի հետխորհրդային հարաբերությունների ամենակարևոր նախադասություններից մեկը. եթե Հայաստանը կարծում է, որ իրեն պետք չէ Գյումրիի ռուսական ռազմաբազան, «մենք կհեռանանք թեկուզ վաղը»։ Խոսքը միայն 102-րդ ռազմաբազայի մասին չէ։ Խոսքը մի ամբողջ դարաշրջանի մասին է։ Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում երկար ժամանակ ներկայացվել է ոչ թե պարզապես որպես երկկողմ պայմանավորվածություն, այլ որպես Հայաստանի անվտանգության ճարտարապետության գրեթե բնական օրենք։ 1995-ին ստորագրված համաձայնագիրը, իսկ ապա 2010-ին դրա երկարաձգումը մինչև 2044 թվականը ձևավորեցին մի համակարգ, որտեղ Հայաստանի անվտանգությունն ու ռուսական ռազմական ներկայությունը դիտարկվում էին գրեթե որպես հոմանիշներ։ Բիշքեկում Պուտինը այդ հավասարման միջից հանեց անփոխարինելիության գաղափարը։ Սա նվեր չէ Երևանին։ Եվ առավել ևս՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական նահանջի պաշտոնական հայտարարություն չէ։ Սա շատ ավելի սառը առաջարկ է. եթե Հայաստանը ցանկանում է վերանայել հարաբերությունների հին պայմանագիրը, Մոսկվան պատրաստ է քննարկել նաև դրա գինը։ Այդ պատճառով ռազմաբազայի մասին խոսքը պետք է կարդալ նույն էջում, ինչ Պուտինի մյուս՝ տնտեսական ուղերձները։ Ռուսաստանի նախագահը փաստացի ասաց՝ Եվրոպական միություն գնալը Հայաստանի իրավունքն է, բայց ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն համատեղելի չեն։ Մոսկվան հարգելու է հայկական ընտրությունը, սակայն ուզում է, որ Երևանը հնարավորինս արագ որոշի, որպեսզի Ռուսաստանն էլ վերանայի իր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Սա արդեն նախկին «մի հեռացեք Ռուսաստանից» լեզուն չէ, սա «եթե հեռանում եք՝ եկեք հաշվենք հաշիվը» լեզուն է։ Եվ այդ հաշվում կան ոչ միայն Գյումրին ու ՀԱՊԿ-ը։ Կան ռուսական շուկան, գազը, ատոմային էներգետիկան, երկաթուղին, դրամական փոխանցումները, ռուսական կապիտալը և ԵԱՏՄ արտոնությունները։ Պուտինը պատահաբար չէր Բիշքեկ բերել թվերի ամբողջ զինանոցը՝ Հայաստանի ՀՆԱ-ն ԵԱՏՄ անդամակցության տարիներին գրեթե եռապատկվել է, ԵԱՏՄ երկրներ արտահանումը՝ տասնապատկվել, իսկ միության շուկային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի մոտ 36 տոկոսը։ Թվերը այստեղ վիճակագրություն չեն։ Դրանք քաղաքական փաստարկ են։ Ռուսաստանն ասում է Հայաստանին. դուք կարող եք ընտրել Եվրոպան, բայց մի կարծեք, թե աշխարհաքաղաքական ընտրությունը կարելի է կատարել առանց աշխարհատնտեսական արժեք վճարելու։ Հայաստանի պատասխանը պետք է լինի նույնքան հասուն. անկախությունն էլ անվճար ծառայություն չէ։ Փոքր պետությունների գլխավոր սխալը մեծ տերությունից հեռանալը չէ։ Գլխավոր սխալը մեկ կախվածությունից դուրս գալն է՝ առանց դրա փոխարեն համակարգ ստեղծելու։ 1918-ին նորաստեղծ հանրապետությունները կարծում էին, թե կայսրության փլուզումն ինքնաբերաբար ստեղծում է անկախություն։ Չստեղծեց։ 1991-ին անկախությունը եկավ շատ ավելի բարենպաստ պայմաններում, բայց Հայաստանը հաջորդ երեք տասնամյակներին իր անվտանգության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զգալի մասը նորից կապեց նախկին մետրոպոլիայի հետ։ Հիմա պատմությունը Հայաստանին երրորդ հնարավորություն է տալիս՝ ոչ թե փոխել հովանավորին, այլ փոխել պետության կառուցվածքը։ Եթե ռուսական բազան երբևէ հեռանա Գյումրիից, նրա դարպասների փակվելը ինքնին Հայաստանը ոչ ավելի անկախ, ոչ ավելի անվտանգ կդարձնի։ Դատարկ զորանոցը ռազմավարություն չէ։ Այն ընդամենը դատարկ զորանոց է։ Իրական հարցն այն է, թե ինչ է կանգնելու դրա հետևում՝ մարտունակ հայկական բանակ, նոր պաշտպանական գործընկերություններ, սահմանների վերահսկման ազգային համակարգ, եվրոպական քաղաքական ինտեգրում, ամերիկյան ու ֆրանսիական անվտանգության համագործակցություն, Իրանի հետ կանխատեսելի հարաբերություններ և Թուրքիայի հետ կարգավորված սահման։ Նույնը տնտեսության մեջ է։ ԵԱՏՄ-ից հնարավոր հեռանալը քաղաքական կարգախոս կարող է լինել մեկ օր։ Դրա տնտեսական կառավարումը տարիների աշխատանք է։ Եթե ռուսական շուկան փոքրանում է, պետք է մինչ այդ մեծացած լինեն եվրոպական և այլ շուկաները։ Եթե ռուսական էներգետիկ կախվածությունը նվազում է, պետք է նախապես ստեղծված լինեն այլընտրանքները։ Եթե երկաթուղու հին համակարգը փոխվում է, պետք է արդեն կառուցվի նորը։ Ահա այստեղ է Բիշքեկի իրական նշանակությունը։ Պուտինը, գուցե ակամա, Հայաստանին առաջարկեց հարաբերությունների այն ձևը, որը Երևանը երկար ժամանակ չէր համարձակվում պահանջել՝ հարաբերություններ, որոնցից հնարավոր է նաև դուրս գալ։ Դա արդեն վասալության լեզու չէ։ Դա պայմանագրի լեզու է։ Բայց պայմանագիրը երկու կողմ ունի։ Եթե Ռուսաստանն ասում է՝ «մենք կարող ենք հեռանալ վաղը», Հայաստանը պետք է կարողանա պատասխանել ոչ թե՝ «մի գնացեք», և ոչ էլ՝ «գնացեք վաղը», այլ՝ եթե այդ օրը գա, մենք պատրաստ կլինենք հաջորդ օրվան ։ Պետության հասունությունը հենց այդտեղ է չափվում։ Ոչ թե նրանով, թե քանի օտար դրոշ կարող ես իջեցնել քո տարածքում, այլ նրանով, թե դրանց իջնելուց հետո որքան ամուր է մնում քո սեփական դրոշը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12216

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով